ԿԸՀ-ում վերակազմավորում է սկսվել

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկատվություն է տարածել գերատեսչությունում հայտարարված վերակազմավորման վերաբերյալ:

Ըստ ԿԸՀ-ի՝ 15 աշխատակից ազատվել է աշխատանքից. 118 հաստիքները կրճատվել են և դարձել 103։ ԿԸՀ-ն նշել է, թե «բարձր հաշվետվողականության պատճառով» հարկ են համարում տեղեկացնել հանրությանը, քանի որ «հիմնավոր կասկածներ» ունեն, որ «շահագրգիռ կողմերը կօգտագործեն այս գործընթացը իրենց նպատակների համար»:

«Դեկտեմբերի 17-ին ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել գերատեսչությունում սկսված վերակազմավորման գործընթացի վերաբերյալ։ Այս քայլն ուղղակիորեն կապված է ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ փուլի հետ և նպատակ ունի ապահովելու արդյունավետ կառավարում։ Ժամանակի ընթացքում և հատկապես օրենսդրական փոփոխություններից հետո ընտրական վարչակազմի կարիքները զարգանում են՝ հաճախ պահանջելով կառուցվածքային և կադրային փոփոխություններ», — նշել է ԿԸՀ-ն:

Քաղհասարակության գնահատմամբ՝ ԿԸՀ-ն վերակազմավորման քողի տակ կադրային զտում է իրականացնում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պարզեցրել է պետական ​​հատվածում վերակազմավորմանն առնչվող հարցերը: Ըստ ընդդիմախոսների՝ այս օրենքի պարզեցումը «Վրացական երազանք»-ին հնարավորություն կտա ավելի հեշտությամբ աշխատանքից ազատելու պետական հատվածի այն աշխատողներին, որոնք ընդդիմացել են կամ կընդդիմանան իշխող ուժի հակաեվրոպական գործողություններին:

Նոյեմբերի 28-ից հետո, երբ «Վրացական երազանք»-ը Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը հետաձգեց մինչև 2028 թվականը, բազմաթիվ պետական  գերատեսչությունների աշխատակիցներից ոմանք հրապարակեցին այդ որոշումը քննադատող հայտարարություններ, գործադուլ սկսեցին և միացան եվրոպամետ ցույցերին: