Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:
Ըստ նախագահի, ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի նաև Հայաստանի վրա:
«Եթե Վրաստանը նորից ընկնի ռուսական վերահսկողության տակ, ես չեմ խոսում ռազմական միջամտության մասին, խոսում եմ սահմանադրական միջամտության մասին, հետևանքները շատ ծանր կլինեն։ Սա վերաբերում է Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ կապված ամեն ինչին։ Սա վերաբերում է նաև Հայաստանին», — ասել է նախագահը:
Զուրաբիշվիլին նաև ասել է. «Սիրիայում պարտվելուց հետո Ռուսաստանը պետք է հաղթի՞ Վրաստանում: Ուկրաինայում ձախողվելուց հետո պետք է հաջողի՞ Վրաստանում: Այն բանից հետո, երբ Մոլդովայում ձախողվեց, պետք է հաղթի՞ Վրաստանում: Պարտվեց Ռումինիայում և պետք է հաղթի՞ Վրաստանում: Ո՛չ»:
Զուրաբիշվիլին հավելել է՝ վրացիները կանգ չեն առնի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, քանի որ «սա է այս իրավիճակից դուրս գալու ժողովրդավարական և քաղաքական ճանապարհը»: