Իտալիայի և Իսպանիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարությունները հերքում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իրենք աջակցել են դեկտեմբերի 16-ի ԵՄ ԱԳ խորհրդի ընդունած որոշումներին, այդ թվում՝ պատժամիջոցներին։
Կոբախիձեն օրերս ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել հինգ երկրների, այդ թվում՝ Իտալիային և Իսպանիային, «Եվրամիության խորհրդում վրաց ժողովրդի շահերը պաշտպանելու համար»։
Իտալիայի ԱԳՆ-ի պատասխան հայտարարության մեջ կարդում ենք, որ նրանք դատապարտում են բռնությունը և աջակցում են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի առաջարկած միջոցառումներին։ Նշվում է, որ Եվրամիությունը պետք է մնա վրաց ժողովրդի կողքին, և հուսով են, որ Թբիլիսիի վերջին որոշումները, որոնք փաստացի կանգնեցրին երկրի եվրոպական ուղին, կվերանայվեն:
«Իտալիան կրկին խստորեն դատապարտում է այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել երկրում վերջին շաբաթներին: Նա աջակցում է Բարձր ներկայացուցիչ Կալլասի առաջարկած միջոցառումներին, ներառյալ պատժամիջոցների առաջարկները, որոնք արգելափակվել են անդամ երկրների համաձայնության բացակայության պատճառով: Մեր երկիրը համաձայնել է նաև դիվանագիտական վիզաների դադարեցման առաջարկին, որը հավանության է արժանացել», — ասված է Իտալիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Իսպանիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում պատասխանել է Կոբախիձեին։ Հայտարարության մեջ ասվում է՝ իրենք լիովին պաշտպանում են ԱԳ խորհրդի նիստում ընդունված որոշումները:
«Իսպանիան շատ հստակ արտահայտել է իր լուրջ մտահոգությունը Վրաստանում քաղաքացիական իրավունքների և ենթադրյալ ապատեղեկատվական արշավի վերաբերյալ: Մենք լիովին աջակցում ենք երեկ ընդունված որոշումներն Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում: Ապատեղեկատվությունը սպառնալիք է մեր ժողովրդավարության համար, որին մենք միշտ դեմ ենք», — ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ պաշտոնական Բուխարեստը ևս արձագանքել է Կոբախիձեի հայտարարությանը և ընդգծել. «Մենք խորապես հիասթափված ենք ԵՄ մակարդակով ներքին քննարկումների անստույգ ներկայացումից»:
Հիշեցնենք. դեկտեմբերի 17-ին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Կոբախիձեն շնորհակալություն էր հայտնել հինգ երկրների, որոնք, ըստ Կոբախիձեի՝ «իրենց աջակցությունն են հայտնել վրաց ժողովրդին Եվրամիության խորհրդում»։ Մասնավորապես, նա նշել էր Հունգարիայի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ռումինիայի անունները։