Իշխող ուժի առանցքային նպատակը նախագահական ինստիտուտի խարխլումն է. կարծիքներ

Դեկտեմբերի 14-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը 224 ձայնով երկրի 6-րդ նախագահ ընտրեց հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող Միխեիլ Կղավելաշվիլիին:

Վրացի վերլուծաբանների խոսքով՝ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախագահի պաշտոնում ընտրել է այնպիսի մարդու, որը չի փորձի որևէ խնդիր ստեղծել իրենց համար:

«Իվանիշվիլին ոչ ոքի չի վստահում. կուսակցության կազմում այնպիսի մարդիկ են, որոնք տարբեր հայացքներ և մտածողություն ունեն, Իվանիշվիլին նրանց չի վստահում, այդ իսկ պատճառով էլ ընտրել է այնպիսի մարդու, որը ոչ մի խնդիր չի ստեղծի իր համար»,-PALITRANEWS հեռուստաընկերությանը ասել է վրացի կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Ըստ կոնֆլիկտաբանի՝ Իվանիշվիլիի համար դժվար է ընտրել վստահելի մարդու, քանի որ շատերը (այդ թվում` Գիորգի Մարգվելաշվիլին, Սալոմե Զուրաբիշվիլին), այսպես կոչված, «դավաճանել են» իրեն՝ գործելով հոգուտ երկրի շահերի, ոչ թե` իր:

«Նրա (Բիձինա Իվանիշվիլիի- հեղ.) հիմնական նպատակը նախագահական ինստիտուտի խարխլումն է: Այսպիսով` նա երբեք լավ թիմ չի կառուցի»,- ընդգծեց Զաքարեիշվիլին:

Ըստ վերլուծաբանի՝ հասարակությունը չի բաժանվել երկու մասի. Վրաստանում վրաց ժողովուրդը միայն մի բան է ցանկանում՝ Եվրոպա.

«Մինչ դե ֆակտո վարչապետի հակապետական, հակասահմանադրական, հակաեվրոպական հայտարարությունը` ես ասում էի, որ օրակարգը թելադրում է «Վրացական երազանք»-ը, ընդդիմությունն ու հասարակական սեկտորը ևս կախված են «Վրացական երազանք»-ից։ Բայց այսօր օրակարգ է ձևավորում վրաց հասարակությունը»,- ասաց Զաքարեիշվիլին:

Հասարակությունը երկրի նախագահ է համարում Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս թեմային անդրադառնալով` կոնֆլիկտաբանն ասաց՝ քանի որ վրաց ժողովուրդը վստահում է Զուրաբիշվիլիին, այդ թվում` Արևմտյան երկրները նույնպես աջակցում են նրան, պարզ է, որ Զուրաբիշվիլին կունենա առավելություններ:

Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահ ընտրելու կապակցությամբ շնորհավորեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նաև` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, համայնքային և հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ այս թեմային:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության դեպքում հարևան պետություն լինելու հանգամանքը մեծ «կախվածության» պատճառ է, դրա հիման վրա էլ Հայաստանը ստիպված է նման քայլի դիմել, որը, միևնույն է՝ դատապարտելի է:

«Մենք իհարկե, դատապարտում ենք կեղծ նախագահին ուղղված շնորհավորանքները, այդ թվում` ՀՀ-ից, միաժամանակ հասկանալով, որ հարևան պետություն լինելու իրավիճակում կախվածությունը մեծ է նույնիսկ Վրաստանի դե ֆակտո իշխանությունից: Հաշվի առնելով դա, Հայաստանը ստիպված է գնալ այս քայլերին»,- ընդգծեց Թումասյանը:

Նրա խոսքով՝ անընդունելի է այն փաստը, որ Հայաստանը, լինելով ժողովրդավարական երկիր` ավտորիտար պետությունների հետ մեկտեղ փորձում է լեգիտիմացնել Վրաստանում ոչ լեգիտիմ, հակաժողովրդավարական, հակարաևմտյան իշխանություններին:

«Այս իշխանությունը, որը հակաժողովրդավար է, հակասահմանադրական և հակաարևմտյան, ի վերջո մեծ խնդիր է ստեղծելու նաև Հայաստանի համար, որովհետև եթե Վրաստանը հայտնվի Ռուսաստանի կառավարության տակ, ապա հավանականությունը մեծ է՝ սպառնալիք կստեղծվի նաև Հայաստանի համար: Սրա մասին ասել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին»,- նկատեց հասարակական գործիչը:

Վրաստանում կատարվող այս իրադարձությունների ֆոնին մայրաքաղաք Թբիլիսիում և այլ քաղաքներում առնվազն 3 շաբաթ շարունակվում են եվրոպամետ ցույցերը։

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի ներառի մինչև 2028 թվականի վերջը։