Երկու նախագահ. ինչ է սպասվում Վրաստանում դեկտեմբերի 29-ից հետո

Վրաստանի պատմության մեջ առաջին անուղղակի նախագահական ընտրություններում, որի լեգիտիմությունը չեն ճանաչում գործող 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քաղհասարակությունն ու մեծ թվով փորձագետներ, «Վրացական երազանք»-ի ընտրական կոլեգիան դեկտեմբերի 14-ին քվեարկեց միակ թեկնածուի՝ նախկին ֆուտբոլիստ և հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիի օգտին` նրան դարձնելով երկրի 6-րդ նախագահը:

Վրաստանի 5-րդ ընտրված նախագահ Զուրաբիշվիլին Կղավելաշվիլիի ընտրությունը 6-րդ նախագահի պաշտոնում անվանել է «սադրանք» և «պարոդիա»՝ հավելելով. «Ես այստեղ եմ և կմնամ այստեղ»: Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Զուրաբիշվիլին պարբերաբար կրկնում է՝ բացի նախագահական ինստիտուտից, երկրում լեգիտիմ ինստիտուտ չի մնացել, և ինքը կներկայացնի այդ ինստիտուտն այնքան ժամանակ, քանի դեռ նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ չեն անցկացվել: Սրան զուգահեռ, «Վրացական երազանք»-ը Կղավելաշվիլիի երդմնակալությունը նշանակել է դեկտեմբերի 29-ին։

Սահմանադրագետները, փորձագետներն ու ընդդիմությունը պնդում են՝ երկրի նախագահի ընտրությունը լեգիտիմ չէ, քանի որ նրա ընտրությունը նշանակել է խորհրդարանը, որը նույնպես լեգիտիմ չէ: Զուրաբիշվիլին Վրաստանում միակ լեգիտիմ դերակատարն է, որի հետ բանակցում է Արևմուտքը:

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր, վերլուծաբան Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի ընտրած երկրի նախագահը երբեք լեգիտիմ չի կարող համարվել:

Ըստ Ջեջելավայի՝ քանի դեռ երկրում լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել, երկրի լեգիտիմ նախագահ կմնա Զուրաբիշվիլին, քանի որ նրան լեգիտիմ ճանապարհով ընտրել է ժողովուրդը:

«Զուրաբիշվիլին լեգիտիմություն ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում. նա է այն ֆիգուրը, որի լեգիտիմությունը ճանաչում է աշխարհը: Զուրաբիշվիլին կատարում է այն ֆունկցիան, որի միջոցով Արևմուտքը Վրաստանում խոսում է իր և իր շուրջը հավաքված այն քաղաքական խմբերի հետ, որոնք միասնական են նոր ընտրությունների անցկացման պայքարում», — ասաց Ջեջելավան:

Նախքան Կղավելաշվիլիին նախագահ ընտրելը և ընտրելուց հետո «Վրացական երազանք»-ի առաջնորդները պարբերաբար կրկնում են, թե Զուրաբիշվիլիին «երկու ուրբաթ` ընդամենը 14 օր է մնացել». այս տողերը բազմիցս կրկնել է նաև «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նախագահ Զուրաբիշվիլին Կղավելաշվիլիի ընտրությունը «հակասահմանադրական, ոչ լեգիտիմ գործընթաց է դիտարկում, քանի որ նա լիովին զուրկ է լեգիտիմությունից»։ Նոյեմբերի 30-ին Զուրաբիշվիլին ասել է. «Երդմնակալություն չի լինի, և իմ մանդատը շարունակվում է։ Ես ձեզ հետ եմ և կլինեմ»։

Սահմանադրագետ, «Վրացական երազանք» կոալիցիայի նախկին անդամ, «Հանրապետական» կուսակցության անդամ Վախթանգ Խմալաձեի խոսքով, եթե Կղավելաշվիլիի երդմնակալությունն անցկացվի դեկտեմբերի 29-ին, դա նույնպես լեգիտիմ չի լինի: Ըստ սահմանադրագետի՝ զուտ իրավական տեսանկյունից այսօր երկրում կա երկու խորհրդարան. օրինական խորհրդարանը՝ 2020 թվականի գումարման, և ոչ լեգիտիմը՝ 2024 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորվածը:

Խմալաձեի դիտարկմամբ.

  • «նախկին իշխանությունը լեգիտիմ է, իսկ իշխանությունը, որին վստահել է ոչ լեգիտիմ խորհրդարանը՝ լեգիտիմ չէ,

  • երկու կառավարությունների և՛ խորհրդարանի նախագահը, և՛ վարչապետը (ոչ լեգիտիմ, և լեգիտիմ- հեղ.), նույն անձնավորություններն են՝ Շալվա Պապուաշվիլին և Կոբախիձեն,

  • ոչ լեգիտիմ երդմնակալությունից հետո կմնան լեգիտիմ նախագահն ու ոչ լեգիտիմ նախագահը»։

Ըստ Խմալաձեի՝ դե ֆակտո իշխանությունը, որի գոյությունը չունի սահմանադրական հիմք, իր իշխանությունն իրականացնում է ոստիկանական ուժի հենքի վրա: Միաժամանակ, ըստ նրա, կա լեգիտիմ իշխանություն՝ ի դեմս Զուրաբիշվիլիի, որը հնարավորություն չունի իր իշխանությունն իրականացնելու, քանի որ չունի այն ուժային կառույցները, որոնց միջոցով հաճախ իրականացնում է իշխանությունը:

Այս փաստացի իրավիճակը, որը կարող է ստեղծվել դեկտեմբերի 29-ից հետո, ըստ Խմալաձեի որակման` «երկիշխանություն է»։

Չնայած «Վրացական երազանք»-ի մի շարք առաջնորդների և հենց Կոբախիձեի պնդումներին, նախագահ Զուրաբիշվիլին տարբեր հարթակներում շարունակում է պնդել՝ ինքն է երկրի միակ լեգիտիմ նախագահը: Ընդդիմությունը, քաղհասարակությունը և միջազգային հանրությունն աջակցում են Զուրաբիշվիլիին` Կղավելաշվիլիին անվանելով ոչ լեգիտիմ խորհրդարանի ընտրած ոչ լեգիտիմ նախագահ: