Եվրամիության խորհուրդը դեկտեմբերի 17-ին հրապարակված ընդլայնման զեկույցում վերանայել է Վրաստանի ներկա իրավիճակը։ ԵՄ խորհուրդը հաստատում է վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին աջակցելու Եվրամիության պատրաստակամությունը։ Միաժամանակ ԵՄ խորհուրդը կրկնում է Եվրամիության «լուրջ մտահոգությունները» Վրաստանի կառավարության կուրսի վերաբերյալ։
Զեկույցում խորհուրդը մտահոգություն է հայտնում Վրաստանի կառավարության վերջին որոշման առնչությամբ, ըստ որի` ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը կասեցվում է մինչև 2028 թվականը։ ԵՄ խորհուրդը նաև «խորը մտահոգություն» է հայտնում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտներում անկման կապակցությամբ։
Խորհուրդը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարներին, լրատվամիջոցների
ներկայացուցիչների և քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները: Խորհրդի գնահատմամբ՝ Վրաստանի իշխանությունները պետք է հարգեն հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքը և զերծ մնան ուժի կիրառումից։
«Խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ վերադառնալ Եվրամիության ուղի և ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Կոչ ենք անում վրացական իշխանություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել աճող բևեռացումը նվազեցնելու համար», — ասված է զեկույցում:
Նշված է նաև, որ խորհուրդը հորդորում է Վրաստանին շտապ կատարել վիզային ռեժիմի ազատականացման չափանիշները, այդ թվում՝ ԵՄ վիզային քաղաքականության համաձայնագիրը։
Հիշեցնենք. Վրաստանի մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարներն արդեն 20-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը ձերբակալել է ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան: