Հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչները ցույց են անում

Լուսանկարը՝ tvpirveli.ge-ից

Թբիլիսիի, այսպես կոչված՝ «Դեզերտիրների շուկա»-ի մոտ հավաքված հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչները բողոքի երթով հասել են Ռուսթավելիի պողոտա՝ խորհրդարանի դիմաց։ Ռուսթավելիի պողոտայում երթի մասնակիցներին միացել են նաև ուսանողների մի մասը։

Միասնական բողոքի ակցիայի մասնակիցները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն երթը։ Ցույցի մասնակիցներն ամբողջությամբ փակել են խորհրդարանի դիմացի մայրուղին։ Այսօր եվրոպամետ ցույցերի 20-րդ օրն է:

Մինչ այդ բողոքի ցույցի մասնակիցները կանգ են առել Վասո Աբաշիձեի անվան նոր թատրոնի մոտ և իրենց աջակցությունը հայտնել բերման ենթարկված դերասաններին։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն ռեժիմի գերիներին», «Կեցցե Վրաստանը»։ Բողոքի երթին մասնակցում են հայտնի խոհարարներ, ակտիվիստներ, ուսանողներ, քաղաքացիներ։

Ցույցի մասնակիցները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, նաև տարբեր բովանդակությամբ պաստառներ՝ «Ընտրություններ», «Չենք դառնա Ռուսաստանի խինկալնայա» և այլն։ Կան նաև պաստառներ, որոնց վրա պատկերված են ընթացիկ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորված և ծեծի ենթարկված ցուցարարները։

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների մասնակիցներին և նոր ընտրություններ անցկացնել:

Երթն ուղեկցել են պարեկային ոստիկանության մի քանի բրիգադներ։

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։