Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցում, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, գնահատել է Եվրամիության որոշումը՝ սկսել Վրաստանի դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու գործընթացը։ Կոբախիձեի խոսքով, ԵՄ-ի այդ որոշումը «խորհրդանշական ժեստ է»։
«Խոսվում է, որ դիվանագիտական անձնագրով հնարավոր է մուտքի արտոնագրի սահմանափակում մտցնել: Սա չի նշանակում, որ դիվանագիտական անձնագրով չես կարող մտնել, դա նշանակում է, որ եվրոպական երկիր գնալուց առաջ պետք է վիզայի համար դիմես, կտրամադրեն` ու կգնաս համապատասխան եվրոպական երկիր: Սրա մասին է խոսքը, ոչ թե այն մասին, որ դիվանագիտական անձնագրով ընդհանրապես չես կարող մտնել Եվրոպա», — ասել է «Վրացական երազանք»-ի վարչապետը:
Կոբախիձեն նաև «չնչին անհարմարություն» է համարում, որ դիվանագիտական անձնագիր ունեցող մարդիկ վիզա են խնդրելու Եվրամիություն գնալու համար։
«Հնարավոր է` դիվանագիտական անձնագիր ունենա, հնարավոր է` սովորական, և երկու դեպքում էլ վիզայի համար դիմի: Վիզայի կնիքը կդնեն, ու կգնա եվրոպական երկիր: Իհարկե, չնչին անհարմարություն է, բայց` ոչ շատ», — հավելել է Կոբախիձեն։
Դեկտեմբերի 16-ի հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են նաև Վրաստանի խնդիրը։ Եվրամիությունը սկսում է դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկման ընթացակարգը, և այս փուլում պատժամիջոցներ չի սահմանում «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։