«Գիշերային գայլեր» ռուսական բայքերային ակումբի անդամները, ովքեր հայտնի են Կրեմլի իշխանություններին իրենց հավատարմությամբ, պատրաստվում են Վրաստան ժամանել՝ երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Բայքերների այցի կազմակերպիչը Վրաստանի ռուս երիտասարդների միությունն է, գրում է Sova ինֆորմացիոն հարթակը՝ հղում անելով վրացական Netgazeti պարբերականին:
Միության ղկավար Իրակլի Կիպիանին պատրաստվում է դիմել վրաստանյան իշխանություններին՝ խնդրելով կոնկրետ երաշխիքներ տալ, որ «Սահակաշվիլիի մնացած պաշտպաններից» և ոչ մեկը խնդիրներ չի ստեղծի բայքերների համար: Կոնկրետ ինչպես է պատկերացնում այդ երաշխիքները, Կիպիանին չի հստակեցրել, բայց հայտարարել է, որ մոտոցիկլիստների ժամանման հարցը մոտ ապագայում կլուծվի:
Ռուսաստանից Վրաստան են ժամանում 35 բայքերներներ՝ այդ թվում ակումբի ղեկավար, նախկին վիրաբույժ, «Խիրուրգ» մականունով Ալեքսանդր Զալդոստանովը:
«Գիշերային գայլերը» Վրաստանում եղել են 2015-ին։ Այն ժամանակ վրաստանյան բայքերները հսկողություն էին սահմանել մայրաքաղաքի Վակե այգու մոտ (այստեղ սովորաբար անցկացվում են Հաղթանակի օրվա միջոցառումները)՝ «Գիշերային գայլերի» մուտքն արգելելու նպատակով: Նույն ընթացքում ևս մեկ միջադեպ էր գրանցվել: «Ազատ գոտի» կազմակերպության ակտիվիստները Թբիլիսիում ստիպել էին երկու ռուսների՝ ինքնակամ կտրել մոտոցիկլներին կապած Գեորգյան ժապավենները: Ավելի ուշ կազմակերպության երկու ակտիվիստներ բերման էին ենթարկվել: Այդ օրը ռուսական մի քանի մոտոցիկլներ անհայտ անձինք ներկել էին ուկրաինական դրոշներով: