Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձով դիմել է վրաց ժողովրդին: Ֆրանսիայի նախագահի ուղերձի տեսանյութն ու հայտարարությունը՝ վրացերեն ենթագրով (subtitle), տարածել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Մակրոնը Վրաստանի ժողովրդին բացատրել է, թե ինչ է նշանակում եվրոպական ընտրությունը և ինչ է առաջարկում Եվրոպան Վրաստանին։ Մակրոնի խոսքով, «Եվրոպան շանտաժի մասին չէ, այլ օրենքների ընդունման՝ որպես տարաձայնությունները լուծելու միջոց»։
«Վրաստանը չի կարող հուսալ, որ կշարժվի եվրոպական ճանապարհով, եթե խաղաղ ցույցերը ճնշվեն ուժի անհամաչափ կիրառմամբ, եթե հետապնդվեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, լրագրողները, ընդդիմադիր կուսակցությունների անդամները, եթե չպաշտպանվի խոսքի և հավաքների ազատությունը», — ասված է Մակրոնի տեսաուղերձում։
Վրաստանին ուղղված ուղերձում Մակրոնն ուղղակիորեն ասել է, որ Վրաստանի Սահմանադրության մեջ գրված վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին չի կարելի դավաճանել։ Նրա խոսքով, Վրաստանի եվրոպական երազանքը չպետք է մարի:
Մակրոնը նշել է՝ Եվրամիությունը չի պարտավորեցնում. Եվրոպան առաջարկում է՝ գծելով հավասար գործընկերության ուղի, Եվրոպան չի վախեցնում, չի օգտագործում սպառնալիքներ, չի փորձում պատերազմի և հիբրիդային միջոցներով քաոս սերմանել, ապակայունացնել կամ հպատակեցնել իր հարևաններին։