Եվրախորհրդարանի բազմակուսակցական պատվիրակությունը համատեղ հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որը ներառում է քայլեր՝ ուղղված երկրի ժողովրդավարական ապագային աջակցելուն և ներկա քաղաքական ճգնաժամի բարելավմանը։
«Կեղծ ընտրություններ, դաժան բռնաճնշումներ, գողացված ապագա. Վրաստանը գտնվում է խաչմերուկում: Եվրամիությունը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի, պահանջի նոր ընտրություններ և աջակցի ժողովրդավարության համար պայքարողներին», — X-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն:
Հայտարարության մեջ ընդգծվում է՝ Վրաստանի քաղաքական ճգնաժամի լուծման ճանապարհը համարվում են նոր ընտրությունները՝ բարելավված ընտրական միջավայրում, անկախ և անաչառ ադմինիստրացիայի և միջազգային վերահսկողության ներքո։
Ընդգծվում է՝ Եվրախորհրդարանը կանգնած է վրաց ժողովրդի և նրա եվրաատլանտյան նկրտումների կողքին:
Հիշեցնենք. դեկտեմբերի 11-ին Վրաստան ժամանած եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին հանդիպել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր կուսակցությունների, օմբուդսմենի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՀԿ) և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։