Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արագացված կարգով փոփոխություններ է կատարել «Ընտրական օրենսգրքում», ըստ որի՝ սակրեբուլոներում (քաղաքային ավագանի) համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները կրճատվում են, իսկ մեծամասնականները՝ ավելանում։ Օրինագծին կողմ է արտահայտվել 84 պատգամավոր։
2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացրած տվյալների, «Վրացական երազանք»-ը Վրաստանի մասշտաբով ստացել էր մեծամասնական մանդատների 89,5 տոկոսը, մինչդեռ համամասնորեն կարողացել էր ստանալ մանդատների միայն 55,6 տոկոսը։
ԿԸՀ-ի տվյալները ցույց են տալիս, որ ի տարբերություն ընդդիմության, իշխող կուսակցության համար ավելի հեշտ է հաղթել մեծամասնականով, իսկ մանդատների համամասնական վերաբաշխումը մեծացնում է ընդդիմադիր կուսակցությունների՝ սակրեբուլոներ մտնելու հնարավորությունները։
Օրինագիծը, որպեսզի օրենք դառնա, այն պետք է ստորագրի երկրի նախագահը։ Եթե նախագահը համաձայն չլինի փոփոխությունների հետ, կարող է օգտվել վետոյի իրավունքից. այդ դեպքում օրինագիծը կարող է ստորագրել խորհրդարանի նախագահը և օրենքն ուժի մեջ կմտնի։
Օրենսդրական այս փոփոխություններով խորհրդարանը վերադառնում է 2017 թվականի իրավիճակին, որը փոխվեց «Շառլ Միշելի համաձայնագրի» ստորագրումից հետո։ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի հեղինակներից Գիվի Միքանաձեն ասել է, թե վերադարձը տարիներ առաջ գոյություն ունեցող մոդելին՝ «ընտրողների շահերից ելնելով է»։
Օրինագծի ընդունման դեպքում.
- Թբիլիսիի սակրեբուլոյի 50 պատգամավորներից 25-ը կլինեն մեծամասնական (այժմ 10-ը),
- Ինքնավար քաղաքներում 35 պատգամավորներից 15-ը կլինեն մեծամասնական (այժմ 7-ը),
- Ինքնավար համայնքներում պատգամավորների ու մեծամասնականների թիվը տարբեր է: Գործող օրենքով մեծամասնականների թիվը տատանվում է 6-ից 15-ի սահմաններում, իսկ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը կրկնակի մեծ է մեծամասնականների թվից։
Նախագահը, ինչպես նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս կուսակցությունները ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։ Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր չի աշխատում: