Վրացական գինու տեղը Եվրոպայում է. ցույց նախարարության մոտ

«Վրացական գինու տեղը Եվրոպայում է». այս խորագրով բողոքի ցույց է ընթանում էկոնոմիկայի նախարարության դիմաց:

Վրացի գինեգործներն ու մշակութային ոլորտի ներկայացուցիչները հավաքված են Արդարադատության տան հարևանությամբ և բողոքում են «Վրացական երազանք»-ի հակաեվրոպական որոշման դեմ։

Բողոքող քաղաքացիները դատապարտում են խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժը և իրենց համերաշխությունը հայտնում ապօրինի բերման ենթարկվածներին։

Այսօր անհնազանդության ցույցեր-երթեր են Թբիլիսիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում:

Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։

Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ 

Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք։