Թբիլիսիի իշխանությունները ծրագրում են 30-ից ավելի հանրային վճարովի զուգարաններ տեղադրել: Մոտ օրերին քաղաքապետարանի կառավարման գործակալությունը մրցույթ կհայտարարի, որից հետո հաղթող ընկերությունը կես տարվա ընթացքում պետք է 32 զուգարան տեղադրի: Տարածքներն արդեն ընտրված են՝ մետրոյի կայարանների հարևանությամբ, զբոսայգիներում, մայրաքաղաքի մարդաշատ այլ վայրերում:
Ըստ մրցույթի պայմանների՝ զուգարանները պետք է հարմարեցված լինեն նաև սահմանափակ կարողություններով անձանց համար, ունենան ինֆորմացիոն սյունակներ, որոնց վրա գրված տեքստը լինելու է Բրայլի այբուբենով: Նոր զուգարանները հարմար կլինեն նաև փոքրիկների խնամքի համար՝ ներսում հակաբակտերիալ նյութից պատրաստված սեղաններով: Վճարը որքան կլինի, դեռևս անհայտ է: Մրցույթը հաղթող ընկերությունը պարտավորվում է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, նաև ապահովել շուրջօրյա թեժ գիծ: