Սոզար Սուբարին՝ միակուսակցական խորհրդարանի «ընդդիմադիր փոխնախագահ»

Վրաստանի միակուսակցական, լեգիտիմությունը չստացած խորհրդարանի հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժ» քաղաքական խումբը, որ ընտրություններում մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով, այսօր հայտարարեց՝ առանձնանում է «Վրացական երազանք»-ից, դառնում է «առողջ ընդդիմություն»:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Ժողովրդի ուժ»-ի անդամ Սոզար Սուբարին ընդդիմադիր քվոտայով ընտրվել է խորհրդարանի փոխնախագահ:

«Ժողովրդի ուժ»-ի առաջնորդներից Գուրամ Մաճարաշվիլին ասել էր, որ «Վրացական երազանք»-ի հետ սկզբունքային տարաձայնություններ չեն ունեցել։

Միակուսակցական խորհրդարանի մեծամասնական քվոտայով ընտրված փոխնախագահներն են՝ Գիա Վոլսկին, Թեա Ծուլուկիանին, Նինո Ծիլոսանին և Գիորգի Կախիանին։

Իր հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժ»-ը քաղաքական խումբը 2024 թվականի ընտրություններին մասնակցել է «Վրացական երազանք»-ի ցուցակով։ Ցուցակը ներառում էր՝ Սոզար Սուբարիին, Միխեիլ Կղավելաշվիլիին («Վրացական երազանք»-ը նրան երկրի նախագահ է առաջադրել-հեղ.), Դիմիտրի Խունդաձեին, Գուրամ Մաճարաշվիլիին, Իրակլի Բերաիային, Էկա Սեփաշվիլիին, Զաալ Միքելաձեին, Վիկտոր Ջափարիձեին:

Հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժ» շարժումը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսին՝ «Վրացական երազանք»-ից դուրս եկած մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ: Սա այն ժամանակն էր, երբ երկիրը սպասում էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ Քառյակի հիմնական խնդիրն էր «հասարակությանը հաղորդել ճշմարտությունը»։ Շարժումն առաջին իսկ օրերից աչքի էր ընկնում իր հակաարևմտյան հռետորաբանությամբ, նույնիսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանի վրա հարձակվեցին։

2022 թվականի օգոստոսի 26-ին շարժումը հայտարարություն տարածեց, որում գրված էր, որ Վրաստանի գլխավոր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունն «ամեն ինչ անում է իշխանությունը տապալելու համար»։

2023 թվականին «Ժողովրդի ուժը» նախաձեռնեց «գործակալների օրենքը», որը հազարավոր քաղաքացիների դուրս բերեց փողոց,  ինչպես ասում են Վրաստանի գործընկերները երկիրը հեռացնելով եվրաինտեգրումից։