Վարչական իրավախախտումների օրենքը կխստացվի

Եվրոպամետ լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին իշխող «Վրացական երազանքը» խստացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը։

«Վրացական երազանք»-ը արագացված կարգով քննարկում է օրենքում այն փոփոխությունները, որոնց մեղադրանքով ոստիկանությունը սովորաբար բերման է ենթարկում բողոքի ակցիաների մասնակիցներին։

Նոր կանոնակարգը նախատեսում է.

  • Քաղաքի տեսքը վնասելու համար տուգանքը 50 լարիից դառնում է 1000 լարի։ Կրկնակի խախտման դեպքում այն ​​կկազմի 2000 լարի։
  • Ճանապարհ փակելու համար տուգանքը 1000 լարիից կհասնի 2000-ի։
  • Տրանսպորտային միջոցներով ճանապարհը փակելու դեպքում սեփականատիրոջը սպառնում է վարորդական իրավունքից 1 տարով զրկում։
  • Հավաքներ կամ ցույցեր կազմակերպելու կամ անցկացնելու կանոնները խախտելու համար տուգանքը 500 լարիից դառնում է 5000 լարի։
  • Վրաստանի ՆԳՆ համազգեստի ապօրինի կրելը` կպատժվի 2000 լարի տուգանքով:
  • Շենքերի ճակատների, ցուցափեղկերի, ցանկապատերի, սյուների, ծառերի և բույսերի վրա տարբեր մակագրությունների, գծագրերի, խորհրդանիշների չարտոնված կիրառումը, ինչպես նաև պաստառների տեղադրումը կենթադրի տուգանք 1000 լարիի չափով։ Կրկնակի խախտման համար՝ 2000 լարի։
  • Մշակութային ժառանգություն համարվող շենքերի վրա բողոք արտահայտող գրություններ անելու դեպքում տուգանքը կկազմի 2000, իսկ կրկնվելու դեպքում՝ 3500 լարի։
  • Անչափահասի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում ծնողի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ 100-ից 300 լարիի չափով:

Հատկանշական է, որ փոփոխություններն ընդլայնում են նաև անձին կալանավորելու, իրերի կամ փաստաթղթերի առգրավման հիմքերը։

Ըստ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ահաբեկել քաղաքացիներին՝ անհամաչափ մեծացնելով պատժամիջոցները՝ կապված հավաքների, ցույցերի և բողոքի ակցիաների հետ։