Մարնեուլիի շրջանի Շահումյան ավանի կենտրոնական և ներքին ճանապարհներով երթևեկելն ավելի ու ավելի է դժվարանում: Տեղաբնակներն անհանգստացած են՝ ե՞րբ են վերանորոգվելու ճանապարհները:
«Ալիք մեդիան» ճանապարհների վերանորոգման ծրագրի շուրջ խոսեց Մառնեուլիի շրջանային խորհրդի ղեկավարի՝ գամգեբելիի առաջին տեղակալ Զաուր Տաբատաձեի հետ։
«Շահումյանի կենտրոնական ճանապարհը Վրաստանի ճանապարհային կենտրոնական վարչության վերահսկման տակ է գտնվում, մենք նրանց հետ ակտիվ համագործակցում ենք և հնարավորինս կարճ ժամանակահատվածում նախագծային աշխատանքները կավարտվեն և կենտրոնական ճանապարհն այս տարի անպայման կվերանորոգվի»,-ասաց Տաբատաձեն:
Փոխգամգեբելին Շահումյանի կենտրոնական ճանապարհի վերանորոգման մասին կոնկրետ ժամկետներ չնշեց, սակայն վստահեցրեց, որ բոլոր ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ավարտվում են մինչև հոկտեմբերի վերջ:
Ինչ վերաբերում է խմելու ջրի ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների հետևանքով վնասված ներքին ճանապարհներին, Տաբատաձեն նշեց, որ այդ ճանապարհների վերանորոգման համար հատկացված է 400 հազար լարի:
«Մոտ 400 հազար լարի արժողությամբ ծրագիրն արդեն պատրաստ է, առաջիկա օրերի ընթացքում կհայտարարվի ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթ»:
Օրեր անց «Ալիք մեդիան» զրուցեց նաև Մարնեուլիի շրջանի ենթակառուցվածքների զարգացման, տարածական տեղաբաշխման և ճարտարապետության ու շինարարության ծառայության ղեկավար Լերի Փանգանիի հետ, ով վստահեցրեց, որ Շահումյանի ներքին ճանապարհների նախագծի մրցույթը հայտարարվել է ապրիլի 12-ին:
Տեղեկացնենք, որ մրցույթը սովորաբար տևում է 40 օր: Եթե 40 օրվա ընթացքում ոչ մի կազմակերպություն չի ստանձնում այդ աշխատանքների իրականացումը նշված պայմաններով, մրցույթը հայտարարվում է ևս մեկ անգամ` այլ պայմաններով:
Փոխգամգեբելին նշեց, սակայն, գործնականում ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթի չկայանալու նախադեպ դեռ երբեք չի եղել:
Խոսելով շրջանի առաջնահերթ խնդիրների մասին, Տաբատաձեն նշեց, որ խմելու ջրի խնդիրը շրջանում գրեթե լուծված է, այժմ առաջնահերթություն է ճանապարհային ենթակառուցվածքի բարելավումը:
Վերջում գամգեբելիի առաջին տեղակալը տեղեկացրեց Շահումյանում 2017-ին իրականացվելիք ևս մեկ նախագծի մասին, որը վերաբերում է մանկապարտեզի դահլիճի կառուցմանը: Նախագծի համար հատկացված է 41 հազար լարի: