Գազի բացակայություն Սուլդա գյուղում

Ախալքալաքի շրջանում գտնվող Սուլդա գյուղում բնակիչները բախվում են գազաֆիկացման բացակայության պատճառով ծագող դժվարությունների՝ ստիպված լինելով օգտագործել վառելափայտ՝ բնակարանների տաքացման նպատակով:

Սուլդա գյուղը գտնվում է Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից դեպի հարավ-արևմուտք 18 կմ հեռավորության վրա: Գյուղում գազաֆիկացման բացակայությունը տարիներ շարունակ մեծ դժվարություններ է ստեղծում բնակչության համար: Գյուղի բնակիչները բնակարանների տաքացման համար տարվա մեջ մի քանի անգամ գնում են վառելափայտ, իսկ սնունդ պատրաստելու նպատակով` հիմնականում բալոններ, որոնք ոչ միայն թանկ են, այլև ոչ միշտ են բավարարում, ուստի գյուղացիները հաճախ նորից են գնում բալոններ և մի քանի անգամ` վառելափայտ, ինչը ֆինանսական խնդիրների առջև է կանգնեցնում նրանց:

Գյուղի բնակիչները պատմեցին, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ խոստանում են, որ եթե իրենք ընտրվեն, ապա Սուլդան կգազաֆիկացվի, բայց մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ, և գյուղը շարունակում է գոյատևել առանց գազի։

«Մենք արդեն մի քանի տարի է, ինչ սպասում ենք գազաֆիկացման, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Քանի անգամ ընտրությունների ժամանակ խոստացել են, որ գյուղը գազաֆիկացնելու են, բայց հետո ոչ մի բան չի արվել: Զարմանալի է, թե ինչպես է հնարավոր, որ մեր այս փոքր գյուղում գազ չկա, երբ համարյա բոլոր գյուղերում արդեն կա: Այսպես չի կարելի ապրել: Փայտն էլ է թանկ, բալոններն էլ մատչելի չեն», — ասաց Սուլդա գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղում տարիներ շարունակ, հատկապես ձմռան ամիսներին, երբ խիստ ցուրտ է, գյուղացիները ստիպված են գնել մեծ քանակությամբ վառելափայտ՝ ապահովելու համար տների տաքացումը: Փայտի ձեռքբերումը նույնպես լուրջ խնդիր է, քանի որ շատերը ստիպված են փայտը ձեռք բերել 3-4 անգամ տարվա ընթացքում, որը պահանջում է մեծ աշխատանք, իսկ այդ ամենը հատկապես դժվար է այն գյուղացիների համար, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ:

«Բնակարանների տաքացման համար հիմնականում օգտագործում ենք վառելափայտ, որի մեկ շարքի համար վճարում ենք 600 լարի: Շատ դժվար է մեզ համար, հաճախ նույնիսկ ստիպված ենք 3-4 անգամ գնել վառելափայտ: Եթե գազ ունենայինք, մեզ համար ապրելն ավելի հեշտ կլիներ», — նշեց Սուլդա գյուղի մեկ այլ բնակիչ:

Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2024-2025 թթ. գազաֆիկացվելու են Ախալքալաքի շրջանում գտնվող Թախչա, Աբուլ, Մոդեգամ, Մեծ և Փոքր Սամսար և Բուզավեթ գյուղերը, իսկ Նինոծմինդայի շրջանում՝ Ժդանով, Սամեբա, Գորելովկա, Եֆրեմովկա և Օրլովկա գյուղերը: Գազաֆիկացման ծրագիրը ֆինանսավորվելու է պետության կողմից:

«Ալիք Մեդիա Վրաստանը» կապ հաստատեց Վրաստանի գազափոխադրման GGTC ընկերության հետ, որտեղից հայտնեցին, որ ներկայումս իրականացվում է գազաֆիկացման ծրագիր, որն ընթանում է փուլերով։ Այնուամենայնիվ, Սուլդա գյուղի գազաֆիկացման ժամկետները դեռևս չեն որոշակիացվել, և ընկերությունը չի կարող հստակ ասել, թե երբ կգազաֆիկացվի գյուղը։ Գազաֆիկացման գործընթացը շարունակվում է, ու ինչպես հայտնեցին՝ հնարավոր է, որ Սուլդան հետագայում ներառվի։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան