Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եվրոպամետ ցույցերը ցրող հատուկջոկատայինների և ոստիկանական ուժերի սննդի ձեռքբերման համար նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ծախսել է 516 հազար 185 լարի, տեղեկացրել է «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) «Փաստ-մետր»-ը (FactCheck.ge):
FactCheck-ը գրել է, որ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հուլիսին հայտարարել է հանրային անվտանգության և կարգի պահպանության միջոցառումներին մասնակցող աշխատակիցների սննդով ապահովելու մրցույթ, իսկ հուլիսի 16-ին պայմանագիր է կնքել «Սթար ֆուդ» ՍՊԸ-ի հետ. պայմանագրի արժեքը կազմել է 200 հազար լարի։
Սույն ստորագրված պայմանագրի շրջանակներում ընկերությունը պետք է գնորդի պահանջից հետո 12 ժամվա ընթացքում, ներառյալ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, կարողանա ՆԳՆ-ի համար արտադրել առնվազն 5000 լանչի հավաքածու։
Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը նախարարությանը մատակարարել է 199 հազար 385 լարի արժողությամբ 22 հազար 530 լանչի հավաքածու, լրացել է նաև նշված պայմանագրով նախատեսված գումարի ժամկետը։
Ըստ FactCheck-ի՝ ձեռնարկատիրական և ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն, «Սթար ֆուդ»-ը գրանցվել է 2024 թվականի հունիսի 11-ին և ՆԳՆ-ի հետ պայմանագիրը կնքել է 2024 թվականի հուլիսի 16-ին՝ գրանցումից մեկ ամիս անց։ Ընկերության տնօրենը և 100 տոկոս բաժնետոմսի սեփականատերը Թամար Սուլաձեն է. բաց աղբյուրների միջոցով նրա մասին որևէ տեղեկություն հնարավոր չէ գտնել (բացառությամբ այն մասին, որ 2020 թվականին նա փոխհատուցում է ստացել «Վրաստանի ավանդականների միություն»-ից)։
FactCheck-ը նշել է՝ ՆԳՆ-ն նույն նպատակով նոր (NAT240023534) մրցույթ է հայտարարել նոյեմբերի 28-ին, իսկ առաջարկների ընդունումն ավարտվում է դեկտեմբերի 11-ին։ Մրցույթի արժեքը 300 հազար լարի է։ Նշված է՝ քանի որ հայտարարված մրցույթը դեռ չի ավարտվել, մինչ այդ ՆԳՆ-ն դեկտեմբերի 1-ից 5-ը ներառյալ 32 հազար լանչի հավաքածու է գնել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 316 հազար 800 լարի։
Ըստ այդմ, հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ՆԳՆ-ն հատուկ նշանակության ջոկատին կերակրելու համար ձեռք է բերել 54 հազար 530 լանչի հավաքածու՝ ընդհանուր 516 հազար 185 լարիով:
Լանչի հավաքածուն ներառում է 1 հատ սենդվիչ (հաց՝ առնվազն 100 գ., պանիր՝ առնվազն 50 գ., խոզապուխտ՝ առնվազն 70 գ., 1 հատ շոկոլադ (50-55 գ) և 1 հատ պեպսի (0,5 լ): Լանչի յուրաքանչյուր հավաքածուի արժեքը՝ 8,35 — 8,85 լարի։
Ավելին՝ factcheck.ge — ում: