2024 թվականի խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները/կոալիցիաները՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, «Միասնություն — ազգային շարժում»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը և «Վրաստանի համար»-ը պնդում են, որ նախագահական ընտրությունների անցկացումը լեգիտիմ չէ։
Նրանց կարծիքով` «ամենավատ քաղաքական ճգնաժամից միայն մեկ ելք կա՝ նոր ու արդար ընտրություններ»։
«Մենք՝ հոկտեմբերի 26-ի ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններս, չենք ընդունում և չենք ճանաչում ինքնահռչակ կառավարությանը, նրա ոչ մի ճյուղ, քանի որ ընտրությունների փոխարեն Իվանիշվիլին սահմանադրական հեղաշրջում կազմակերպեց Վրաստանի քաղաքացիների, մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի դեմ…
Ոչ լեգիտիմ խորհրդարանը նախագահ ընտրելու իրավասություն չունի, հետևաբար՝ Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի նախագահը, Վրաստանի պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը և երկրի բարձրագույն ներկայացուցիչն արտաքին հարաբերություններում», — նշված է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի, «Միասնություն — ազգային շարժում»-ի, «Ուժեղ Վրաստան»-ի համատեղ հայտարարության մեջ:
«Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկը չի մասնակցի նախագահական ընտրություններին:
««Գախարիան Վրաստանի համար»-ը չի մասնակցում նախագահի ընտրության անօրինական գործընթացին և չի ճանաչում դե ֆակտո, ոչ լեգիտիմ խորհրդարանի, այդ թվում՝ ապօրինի ընտրված նախագահի գործողություններն ու որոշումները», — նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Թբիլիսիում արդեն 15-րդ օրն է բողոքի ցույցեր են ընթանում։ Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջը։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 հոգու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։
Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, նաև չկան ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք՝ «տիտուշկաներ»-ը։