Եվրոպայում գիտեն՝ Վրաստանը կառավարում են ոչ թե իշխող «Վրացական երազանք»-ը և նրա ձևավորած չլեգիտիմացված կառավարությունը, այլ՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, և դրա պատճառով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց ունեցել հենց Իվանիշվիլիի հետ, կարծում են վրացի փորձագետները և ընդդիմությունը:
Ըստ փորձագետների՝ Մակրոնի զրույցը Իվանիշվիլիի հետ ընդգծում է, որ չեն ճանաչում «Վրացական երազանք»-ի ձևավորած կառավարությունը: Նրանց դիտարկմամբ` եթե զանգն ուղղվել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահին, նշանակում է` հենց Իվանիշվիլին է համարվում ոչ ֆորմալ կառավարողն ու ընթացիկ գործընթացների պատասխանատուն։
Ընդդիմության գնահատմամբ՝ նախագահ Մակրոնի ներգրավվածությունն ավելի կնպաստի երկրում ճգնաժամի թուլացմանը:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, լավ է, որ Ֆրանսիան ավելի ակտիվ է ներգրավված այս գործընթացում։ Նրա դիտարկմամբ՝ Մակրոնի և Իվանիշվիլիի զրույցը կարևոր է մի քանի առումներով. առաջին՝ «Վրաստանի դե ֆակտո վարչապետին լեգիտիմ չեն համարում» և հրաժարվում են նրա հետ շփումից, երկրորդ՝ գիտակցում են, որ վրաստանյան իրադարձությունների պատասխանատուն Ֆրանսիայի քաղաքացի ռուս օլիգարխ Իվանիշվիլին է, երրորդ՝ կատարվող գործողությունների պատասխանատվությունն Իվանիշվիլին է կրում:
Նշենք, որ «Միջազգային թափանցիկություն – Վրաստան»-ի փոխանցմամբ՝ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի և Ֆրանսիայի երկքաղաքացի է։ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա ընտանիքը Ֆրանսիայում անշարժ գույք ունի։
«Եթե Վրաստանում լեգիտիմ կառավարություն լիներ, մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Մակրոնը, կապ կհաստատեին նրանց հետ. կապ են հաստատում Իվանիշվիլիի հետ, քանի որ բոլորն էլ գիտեն՝ Վրաստանը կառավարում է ռուս օլիգարխը», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան:
Ըստ Գեգելիայի՝ Մակրոնն Իվանիշվիլիին վերջին շանս է տվել, վերջին անգամ զգուշացրել է, թե ինչ կլինի, եթե վերջինիս գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի հետապնդել ու բռնության ենթարկել Վրաստանի քաղաքացիներին: Գեգելիայի խոսքով, շուտով նկատելի կլինի, որ Իվանիշվիլին և իշխող թիմը նահանջում են:
Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Մակրոնն Իվանիշվիլիի հետ զրույցում դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումը, նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ իրավապահների կիրառած բռնությունները։ Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին, հարգել խոսքի և հավաքների ազատությունը»:
Հայտարարության այս հատվածը «Վրացական երազանք»-ն առաջին հայտարարության մեջ չէր նշել, միայն Ելիսեյան պալատի հայտարարությունից հետո նոր հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Իվանիշվիլին Ֆրանսիայի նախագահին ասել է նաև, թե «ոստիկանությունը ցուցարարների լայնածավալ բռնությունների դեմ գործել է եվրոպականից բարձր չափանիշով»։ «Վրացական երազանք»-ը նշել է՝ երբ Մակրոնը պահանջել է ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին, Իվանիշվիլին Մակրոնին բացատրել է, որ Վրաստանը «իրավական պետություն» է:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար (2015-2016 թթ.), այժմ «Քաղաքացիական գաղափար» հասարակական կազմակերպության նախագահ Թինաթին Խիդաշելին նշել է՝ Ֆրանսիայի նախագահի զանգն Իվանիշվիլիին, ոչ թե վարչապետին կամ խորհրդարանի ղեկավարին, այլ հենց Իվանիշվիլիին, ամեն ինչ իր տեղն է դնում։
«Վրաստանը չունի պաշտոնական կառավարություն, որի հետ կարելի է խոսել: Այդ պատճառով զանգել են ոչ ֆորմալ ղեկավարին։ Ասել են՝ հետևեք այդ փոքրիկ տղաներին, վերջ տվեք բռնությանը և ազատ արձակեք անօրինական բանտարկյալներին», — գրել է Խիդաշելին:
BRANDING.GE բրենդային գործակալության հիմնադիր և նախկին պատգամավոր Լևան Կոբերիձեի խոսքով, այժմ Վրաստանում երկրի կառավարման ոչ եվրոպական մշակույթն է իշխում և շեղում է այն արժեքներից, որոնք բնութագրում են այն տարածքը, որին ձգտում է միանալ Վրաստանը.
«Շատ տարօրինակ է, որ Մակրոնը զանգահարում է ոչ թե վարչապետին, այլ Իվանիշվիլիին: Եթե երկիրը ֆորմալ առումով վարչապետ ունի, հետևաբար՝ պետք է նրան զանգեն, բոլոր գործընթացների քննարկումը եվրոպական որևէ առաջնորդ երկրից և նրա առաջնորդից պետք է արվի ֆորմալ վարչապետի հետ։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ եվրոպացի առաջնորդները տեսնում են, թե ով է իրականում պատասխանատու, և ով է ղեկավարում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Սա նշանակալի փաստ է»:
Մակրոն-Իվանիշվիլի հեռախոսազրույցի մասին կարդացեք՝ այստեղ և այստեղ: