Օմբուդսմենը բերման ենթարկվածների վիճակագրություն է հրապարակել

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է եվրոպամետ ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների վիճակագրությունը։ Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ժամանակավոր պահման վայրերում և կլինիկաներում գտնվող 352 անձի։

Ըստ օմբուդսմենի հաղորդագրության` թվարկվածներից

  • անպատշաճ վերաբերմունք է ցույց տրվել 226 մարդու — 64 տոկոս,
  • տեսանելի վնասվածքներ է ստացել 157 մարդ — 44 տոկոս:

Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին անցյալ շաբաթ օգտագործեց «խոշտանգում» տերմինը՝ անդրադառնալով ոստիկանության իրականացրած բռնությանը:.

«(Ցուցարարները- հեղ.) լուրջ վնասվածքներ են ստացել, հիմնականում՝ դեմքի, աչքի և գլխի շրջանում, ինչը գործնականում բացառում է անգամ այն ենթադրությունը, որ ոստիկանությունն ամեն անգամ անհրաժեշտ, համաչափ ուժ է կիրառել նրանց նկատմամբ։ Վնասվածքների ձևը, բնույթը և աստիճանն արժանահավատ տպավորություն են ստեղծում, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է բռնի մեթոդներ՝ նրանց պատժելու համար։ Դաժան բռնությունը, որը նախատեսված է պատժելու համար, խոշտանգումների ակտ է», — ասել է օմբուդսմենը:

Նշենք, որ բողոքի 15-րդ օրն է, և ցույցերը շարունակվում են։ Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել հանրահավաքի մոտ 400 մասնակցի։ Քրեական մեղադրանքով կալանավորված է ավելի քան 30 մարդ։ Նրանց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։

Բերման ենթարկվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ընթացքում լրագրողների վրա հարձակում գործած անձինք՝ «տիտուշկաները»։