Աբխազիան հոսանքազրկված է «Էնգուրհեսի»-ի հարկադիր դադարեցման պատճառով

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում էլեկտրամատակարարումն անջատվել է Ռուսաստանի կողմից Աբխազիայում գործող միակ էլեկտրակայանի՝ «Էնգուրհեսի»-ի հարկադիր դադարեցման պատճառով, գրել է վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցը:

«Չեռնոմորէներգո» ընկերության հայտարարության մեջ նշված է, որ էներգամատակարարման կայունությունն ապահովելու նպատակով կգործի էլեկտրաէներգիայի մատակարարման նոր ժամանակացույց։ Ավելի ուշ «Չեռնոմորէներգո»-ն հրապարակել է ժամանակացույցը, ըստ որի՝ բաժանորդները հոսանք կստանան օրական ընդամենը երկու անգամ՝ ժամը 07:00-21:00 ժամանակահատվածում, ընդամենը 1 ժամ 24 րոպե։

Դե ֆակտո հանրապետությունում քաղաքական ճգնաժամի թուլացումից հետո կտրուկ վատթարացավ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչը տեղի մեկնաբանները կապում են Մոսկվայի դժգոհությամբ ու վրեժխնդրությամբ։

Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումները սկսվել են 2024 թվականի նոյեմբերից։ Դե ֆակտո հանրապետությունն էլեկտրաէներգիա է ստանում Ռուսաստանից և Էնգուրիի հիդրոէլեկտրակայանից, որի արտադրական հզորությունն այժմ զգալիորեն կրճատվել է Ջվարիի ջրամբարում ջրի մակարդակի կրիտիկական անկման պատճառով:

Էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով ծանր վիճակում են մանկապարտեզներն ու դպրոցները։ Դե ֆակտո կրթության նախարար Ինալ Գաբլիայի խոսքով՝ դեկտեմբերի 11-ից դեկտեմբերի 17-ը դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդ է հայտարարվել։