Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է Վրաստանի նոր նախագահ ընտրել: Դեկտեմբերի 14-ին նշանակված ընտրություններում նրանք քվեարկելու են միակ, հակառակորդ չունեցող թեկնածուի՝ նախկին ֆուտբոլիստ, հակաարևմտյան հայտարարություններով հայտնի պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիի օգտին։
Վրաստանում նախագահն առաջին անգամ ընտրվում է նոր, անուղղակի եղանակով։ 5 տարի ժամկետով նախագահը պետք է ընտրվի 300 հոգանոց կոլեգիայի կողմից։ Կոլեգիայի հիմնական կազմը «Վրացական երազանք»-ից է, ուստի Կղավելաշվիլիի նախագահ դառնալու հավանականությունը մեծ է:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պաշտոնապես ընդգրկված են կոլեգիայում, քանի որ նրանց մանդատները դեռ ուժի մեջ են: Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է՝ չի մասնակցի քվեարկության գործընթացին:
Երբ տեղի կունենա ընտրությունը և ինչպես
Դեկտեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ընտրությունները կանցկացնի խորհրդարանի շենքում։ Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ քվեարկության գործընթացը կսկսվի առավոտյան ժամը 9:00-ին և կավարտվի ամենաուշը ժամը 14:00-ին։ ԿԸՀ-ն քվեարկության արդյունքները կամփոփի նույն օրվա նիստում` քվեարկության գործընթացի ավարտից անմիջապես հետո։
Նախագահի ընտրությունը համարվում է ավարտված, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների ողջ կազմի կեսից ավելին՝ առնվազն 150-ը: Նախագահ ընտրելու համար բավարար է կոլեգիայի անդամների 2/3-ի՝ 200 անդամի աջակցությունը։
Ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ն հրամանագրով ստեղծել է հատուկ խումբ, որում ընդգրկված են ընտրական կառավարման ապարատի մի քանի տասնյակ աշխատակիցներ։ Հոսքը վերահսկող, գրանցող, քվեատուփի վերահսկիչի կամ գանձապահի գործառույթները նրանց վերապահում է ԿԸՀ նախագահը: Օրենքի համաձայն՝ ԿԸՀ նախագահն անձամբ ներգրավված է ընտրության ընթացակարգերում։
ԿԸՀ-ն տպել է հատուկ քվեաթերթիկներ, որոնցում կոլեգիայի անդամները պետք է շրջագծեն ցանկալի թեկնածուին։ Շրջագծելուց հետո կոլեգիայի անդամները քվեաթերթիկները նետում են հատուկ թափանցիկ տուփի մեջ։ Քանի որ թեկնածուն մեկն է, երկրորդ փուլի հավանականությունը լիովին բացառվում է։
Ըստ կանոնակարգի՝ Վրաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ընտրական կոլեգիայի անդամները, խորհրդարանի նախագահի հրավիրած անձինք, ԿԸՀ անդամները, խորհրդարանի և ԿԸՀ ապարատի համապատասխան լիազոր ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահի ընտրությունը ուղիղ եթերում կցուցադրի «Առաջին ալիք»-ը (Հանրային հեռուստատեսությունը):
Ով է ընդգրկված 300 հոգանոց ցուցակում
ԿԸՀ-ն դեկտեմբերի 2-ին հաստատել է կոլեգիայի անդամների 300 հոգանոց ցուցակը։ Կոլեգիայի կազմը` ստորև.
- Վրաստանի խորհրդարան — 150 անդամ (բոլոր անդամները՝ չնայած ընդդիմության բոյկոտին),
- Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմին — 21 անդամ (բոլոր անդամները),
- Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմինը — 20 անդամ (բոլոր անդամները),
- Քաղաքական կուսակցություններ տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների կազմից — 109 անդամ։
Կոլեգիայի 300 անդամներից կան «Վրացական երազանք»-ի անմիջական ներկայացուցիչներ՝ 89 անդամ չլեգիտիմացված խորհրդարանից, 109 անդամ՝ սակրեբուլոներից, 13 անդամ՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդից։
Ընդհանուր առմամբ, 211 կոլեգիայի անդամներ կան։ Այս թիվն արդեն բավական է քվեարկություն անցկացնելու և նախագահ ընտրելու համար։
Օրենքի համաձայն՝ քաղաքային խորհուրդների քվոտայի 109 անդամներից 55-ը պետք է ներկայացվեին 8 ընդդիմադիր կուսակցությունների՝ ինքնակառավարման ընտրությունների համամասնական մասի արդյունքներով, իսկ 54 անդամներից՝ «Վրացական երազանք»-ից: Սակայն, ըստ ԿԸՀ տվյալների՝ ընդդիմադիր կուսակցությունները չեն ներկայացրել այս ցուցակները, ուստի այս 55 մանդատները լրացուցիչ համալրել է «Վրացական երազանք»-ը։
Ինքնակառավարման ընտրությունների համամասնական մասի արդյունքներով անդամներ առաջադրելու հնարավորություն են ստացել հետևյալ կուսակցությունները.
- «Միասնություն — Ազգային շարժում» — 36,
- «Վրաստանի համար» — 9,
- «Ուժեղ Վրաստան» — 4,
- «Ռազմավարությունը Աղամաշենեբելի» — 1,
- «Եվրոպական Վրաստան» — 2,
- «Հայրենասերների դաշինք» — 1,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1,
- «Գիրչի — առավել ազատություն» — 1:
Ընդդիմադիր կուսակցություններն ընտրակեղծիքների պատճառով 11-րդ գումարման խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ: Ուստի նրանք չեն ճանաչում նախագահական ընտրությունները և չեն մասնակցի քվեարկությանը։ Սակայն, կոլեգիայի կազմում դեռևս ընդգրկված են այն չորս ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչները, որոնք ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով հաղթահարել են 5 տոկոսի շեմը խորհրդարանական ընտրություններում։
Ընդդիմության հավանությունը չի պահանջվել կոլեգիայի անդամների ցուցակում ընդգրկվելու համար, քանի որ նրանք դեռ պատգամավոր են համարվում, նրանց տվյալները խորհրդարանից ավտոմատ կերպով ուղարկվել են ԿԸՀ։ Նույնը Աջարիայի Գերագույն խորհրդի դեպքում է։ Արդյունքում, ֆորմալ առումով կոլեգիայում ընդգրկված են ընդդիմության ընդհանուր թվով 69 ներկայացուցիչներ:
- Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանից — 61,
- Աջարիայի Գերագույն խորհրդից — 8:
Դեկտեմբերի 11-ին ԿԸՀ-ն հաստատեց նոր հրամանագիր, ըստ որի՝ «Վրացական երազանք»-ի 8 անդամներ փոխվեցին կոլեգիաներում։ Մասնավորապես, ցուցակից հանվել են «Վրացական երազանք»-ի խորհրդարանի 8 ներկայացուցիչներ՝ Մակա Բոճորիշվիլին, Բիձինա Իվանիշվիլին, Իրակլի Կոբախիձեն, Անրի Օխանաշվիլին, Դավիթ Սոնղուլաշվիլին, Մարիամ Քվրիվիշվիլին, Իրակլի Ղարիբաշվիլին և Միխեիլ Կղավելաշվիլիի (նախագահի թեկնածուն) թեկնածությունը։ Դեկտեմբերի 10-ին պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին:
Ինչպես չլեգիտիմացված խորհրդարանում, այնպես էլ կոլեգիայի անդամների ցուցակում նրանց տեղերն զբաղեցրել են Թոռնիկե Բերեկաշվիլին, Արչիլ Գորդուլաձեն, Գիորգի Գուգուչիան, Լևան Մաճավարիանին, Պաատա Սալիան, Թոռնիկե Ճեիշվիլին, Իրակլի Ճեիշվիլին և Սալոմե Ջինջոլավան: Այս փոփոխության արդյունքում «Վրացական երազանք»-ի ընդհանուր կազմը կոլեգիայում չի փոխվել։
Արդեն պարզ է, որ նախագահական ընտրությունների արդյունքները չեն ճանաչի ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. վերջինս փողոցում ցուցարարների հետ միասին պահանջում է նոր խորհրդարանական ընտրություններ։
Զուրաբիշվիլին կարծում է, որ լեգիտիմ խորհրդարանի ընտրությունից հետո պետք է անցկացվեն լեգիտիմ նախագահական ընտրություններ։ Մինչ այդ, իր պարզաբանմամբ՝ ինքը կմնա լեգիտիմ նախագահ։