Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսիի մունիցիպալիտետի Կազրեթի ավանում այսօր անհայտ անձը հարձակվել է հանրակրթական դպրոցի տեղեկատվական մենեջերի վրա՝ ածելիով վնասել վերջինիս դեմքը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 11-ին: Փիքրիա Էպիտաշվիլին TV Pirveli-ին տված հարցազրույցում պատմել է, որ աշխատանքի գնալու ճանապարհին սևազգեստ մի տղամարդ գաղտագողի ետևից մոտեցել և ածելիով վնասել է դեմքը։
Ըստ Էպիտաշվիլիի՝ հարձակման պահին անհայտ անձը վիրավորական խոսքեր է օգտագործել իր հասցեին. «Ասում էր՝ գնա (անպարկեշտ բառ օգտագործելով — հեղ.) քո սիրելի Եվրոպա, քո նման գործակալներով ու պիդարաստներով»։
Հանրակրթական դպրոցի աշխատակիցը կատարվածը կապում է իր հայտարարած քաղաքացիական դիրքորոշման հետ. «Ամեն տեղ բարձրաձայնում եմ իմ դիրքորոշումն ու տեսակետները»։
Նշենք, որ վերջին օրերին իշխող «Վրացական երազանք»-ի հետ առնչվող անձինք, այդ թվում՝ «տիտուշկաները» (դիմակավորված անձինք) ֆիզիկական բռնության են ենթարկում իշխող ուժին քննադատող քաղաքացիներին։