Ցուցարարներին բռնի ուժով հարցաքննության են տանում

Վրաստանում շարունակվող ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների և տուժած քաղաքացիների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ ոստիկանությունը բռնի ուժով քաղաքացիների մի մասին տանում է հարցաքննության։ Նրանց խոսքով՝ սա ոստիկանական տեռորի նոր ձև է։

«Ոստիկանները գնում են ակցիային մասնակցող քաղաքացիների հասցեով, բռնի ուժով, նրանց կամքին հակառակ և առանց պատճառաբանության տանում ոստիկանության բաժիններ»,-ասված է հաղորդագրությունում։

Ըստ տեղեկության` հարցաքննությունը նույնպես ընթանում է հարկադրաբար։

Նշենք` արդեն տասնչորսերորդ օրն է, ինչ ցույցեր են անցկացվում Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։ Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանքի»՝ ԵՄ անդամակցության բանակցությունները կասեցնելու մասին որոշման դեմ։

Այս որոշման հրապարակումից` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը Թբիլիսիում և այլ քաղաքներում բերման է ենթարկվել եվրոպամետ ցույցերի ավելի քան 400 մասնակից։