Վաշինգտոնը դեռևս չի հստակեցնում, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն «Վրացական երազանք»-ի դեմ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ բացի երկկողմ համագործակցության վերանայումից Միացյալ Նահանգները կօգտագործի իր տրամադրության տակ եղած գործիքները։
Նա ընդգծել է՝ Վաշինգտոնը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
«Այս պահին չեմ պատրաստվում բացահայտել այն հնարավոր պատժամիջոցները, որ ԱՄՆ-ն կկիրառի Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կամ տարբեր գործիչների նկատմամբ։ Մենք խորապես մտահոգված ենք կառավարության արտաքին ուղու փոփոխությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ մենք օգտագործելու ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցներ։ Իսկ թե ինչպիսի պատժամիջոցներ են սպասվում և ում նկատմամբ` այդ մասին կհայտարարենք պաշտոնապես»:
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կապված Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ներառյալ՝ պատժամիջոցները։