Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ժամկետի ավարտից հետո առաջիկա մեկ տարում, հավանաբար, պետական պաշտպանությամբ չի ապահովվի։
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները խորհրդարանում նախաձեռնել են օրենքի նախագիծ. եթե դա ընդունվի, ապա նախագահը, ինչպես նաև վարչապետն ու խորհրդարանի նախագահը, լիազորությունների դադարեցումից հետո, այլևս անձնական պաշտպանություն չեն ունենա, եթե Սահմանադրական դատարանը, համաձայն սահմանադրության 48-րդ հոդվածի, հաստատի հանցագործության նշանների առկայություն։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սահմանադրական դատարանը հաստատեց, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը։
Այս շաբաթ խորհրդարանը նախագիծը կքննարկի և կընդունի արագացված կարգով։
«Որպեսզի անձնական պաշտպանության ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն, միաժամանակ` որպեսզի պետությունը պարտավորություն չունենա պահպանելու սահմանադրությունը խախտող պաշտոնատար անձի պետական պաշտպանությունից օգտվելու հատուկ իրավունքը, անհրաժեշտ է կատարել փոփոխություն»,- կարդում ենք օրենքի նախագծի բացատրական հատվածում։
Հիշեցնենք. նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունն Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին։
Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն ընտրի նախագահին. այս տարվանից դա անելու է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։
Կոլեգիայի կազմում մեծամասնություն ունի «Վրացական երազանք»-ը, ուստի ընտրություններն այս դեպքում զուտ ձեւական բնույթ են կրելու։
Հայտնի է նաև նախագահի նոր թեկնածուն. նա խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ի առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին է: