Սահմանափակել են Gorgia-ի «որոշ ապրանքների վաճառքը»

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Վրաստանի Gorgia («Գորգիա») հիպերմարկետների ցանցը հաստատել է, որ «անցած շաբաթվա վերջին որոշ խանութների» շարքում սահմանափակել են նաև իրենց «որոշ ապրանքների» վաճառքը։ Ընկերությունը, սակայն, հայտարարության մեջ չի նշում, թե ինչ ձևով և ովքեր են իրականացրել այդ սահմանափակումը։

Gorgia-ի մի քանի աշխատակիցներ վերջին օրերին ի նշան բողոքի դուրս են եկել աշխատանքից այն բանից հետո, երբ նրանց ասել են, որ ընկերությունը պահեստում ունի ակնոցներ, դիմակներ և սաղավարտներ, բայց դրանք «թաքցրել է հաճախորդներից»:

Աշխատակիցներից Գիորգի Ռոմելաշվիլին դեկտեմբերի 8-ին տեսանյութ է հրապարակել, որում երևում են պահեստում պահվող ապրանքները։ Նրանից բացի, Gorgia-ն լքել է ընկերության մարքեթինգային ծառայության ղեկավար Գիորգի Թուրքաձեն։

«Ես իմ քաղաքացիական դիրքորոշումն ասում եմ ամեն երեկո հանրահավաքներին մասնակցելով կամ հրապարակավ արտահայտելով իմ կարծիքը… Ինչ վերաբերում է Gorgia ընկերությանը, որի զարգացման գործում ես նույնպես որոշակի ներդրում ունեմ, ապա սիրտս ցավում է նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններից: Հրաժարականի դիմումս գրել եմ դեկտեմբերի 6-ին»,- դեկտեմբերի 8-ին գրել է նա Facebook-ում։

Gorgia-ն դեկտեմբերի 9-ին հրապարակված հաղորդագրության մեջ գրել է, որ «խանութներն ապրանքները տեղափոխել են պահեստներ՝ աշխատակիցներին տեսանելի վայրում»։

«Միաժամանակ մենք ակտիվորեն աշխատել ենք ապրանքները վաճառասեղաններ վերադարձնելու ուղղությամբ, քանի որ մեզ համար կարևոր է, որ այդ ապրանքները կրկին հասանելի դառնան բոլորին: Ավելի լավ հենց դուք՝ մեր հաճախորդները, գիտեք, որ մենք Եվրամիությունը համարում ենք զարգացման միակ անվերապահ ճանապարհը, իսկ ազատ կարծիք հայտնելու ճանապարհին մեզ համար ավելի կարևոր է ձեզանից յուրաքանչյուրի անվտանգությունը»,- նշել են ընկերությունից։

Ի դեպ, Վրաստանում հանրային հավաքների և բողոքի ակցիաների մասնակիցներին կարգելվի «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։ Ենթադրաբար, պաշտոնական արգելքը կտարածվի ակնոցների, ռեսպիրատորների և հակագազերի վրա, որոնք նույնպես ծածկում են դեմքը։