Կոբախիձեն լրագրողին դուրս է վռնդել ճեպազրույցից

Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողին վիրավորել է, սպառնացել դուրս վռնդել և բանավեճի բռնվել վերջինիս հետ:

BMG-ի լրագրող Թելարա Գերանտիան Կոբախիձեին հարցրել է, թե ինչո՞ւ չի դատապարտում նախօրեին քննադատական «TV Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեծիրուլիի նկատմամբ «տիտուշկաների» (դիմակավոր անձինք) կիրառած բռնությունը և ինչպես լրագրողները պետք է պաշտպանվեն նման հարձակումներից:

«Հիմա քեզ կվռնդեմ, անիմաստ մի՛ խոսիր, իսկապես, անիմաստ մի՛ խոսիր, ես քեզ դուրս կվռնդեմ, եթե դու շարունակես անիմաստ խոսել: Երբ դու նաց ես (նկատի ունի «Միացյալ ազգային կուսակցության» ներկայացուցիչ հեղ.), իրավունք չունես անիմաստ խոսելու, չնայած այն բանին, որ քո գործընկերները դա են սովորեցրել», — դիմել է Կոբախիձեն BMG-ի լրագրողին։

Լրագրողի այս հարցը, ըստ ամենայնի, նյարդայնացրել է Կոբախիձեին և նա ճեպազրույցից վռնդել է լրատվամիջոցի ներկայացուցչին։

Երեկ «տիտուշկաներ»-ը դաժանաբար ծեծի են ենթարկել քննադատական TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին։