Թբիլիսիի Բեսիկի փողոցում՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի գրասենյակում, «տիտուշկաներ»-ը ծեծի են ենթարկել կոալիցիայի անդամ Կոբա Խաբազին. նա վնասվածքներ ունի գլխի և մարմնի տարբեր մասերում։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 22:00-ին։ Մի քանի տասնյակ «տիտուշկաներ» (դիմակավոր անձինք) ներխուժել են կոալիցիայի գրասենյակ։ Դա երևում է գրասենյակի հսկողության տեսախցիկի արձանագրած կադրերից։ Կոբա Խաբազին պատմել է, որ իր վրա հարձակվել են, երբ դուրս է եկել վերելակից։
Կոալիցիայի հանրային կապերի ծառայության ներկայացուցիչ Միրանդա Բաղաթուրիայի խոսքով՝ հարձակվողները զինված են եղել տարբեր առարկաներով, ինչպես նաև էլեկտրաշոկերով։
Ըստ Բաղաթուրիայի՝ միջադեպից առաջ ոստիկանական երկու բրիգադներ սկսել էր հսկել տարածքը։ Դեպքի վայրից վերջիններս հեռացել են հարձակումից հետո:
Մինչ այդ, դաժանաբար ծեծի են ենթարկվել նաև քննադատական TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գիորգի Շեծիրուլին։