Թբիլիսյան զարգացումներ. դեկտեմբերի 6-7

Լուսանկարը՝ netgazeti-ից

Թբիլիսիում եվրոպամետ բողոքի ցույցերի 9-րդ օրն ավարտվեց դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 5-ին։ Հանրահավաքի մասնակիցները, ովքեր ցույցը սկսել էին Ռուսթավելիի պողոտայից և ստիպված էին դիմակայել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկջոկատայիններին, ջրային շիթերին, արցունքաբեր գազին և պղպեղի սփրեյին, ցույցն ավարտեցին Թամարաշվիլիի պողոտայում՝ Հիպոդրոմի մոտ։

Հատուկջոկատայինների կողմից Ռուսթավելիի պողոտայի ցույցը ցրելուց հետո, ցուցարարների մի մասը շարժվել է դեպի Քուռ գետի աջ ափը։ Լուսադեմին Գալակտիոն կամրջի շրջակայքում բախումներ են սկսվել: Հատուկջոկատայինները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Ցույցը ցրելու ժամանակ մարդյանց բերման են ենթարկել նաև մետրոյից: Տարածվել էր տեսանյութ, ուր քաղաքացին Վրաստանի հիմնն էր երգում մետրոյում, ինչից հետո նրան ծեծի ենթարկելով հատուկջոկատայինները բերման ենթարկեցին:

Radiotavisupleba լրատվամիջոցը հայտնել է, որ գետի ափին կանգնել են երեք սև «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից իջածները բախումներ են սկսել ցուցարարների հետ։

Ավելի ուշ նրանցից մեկը՝ գործարար Դավիթ Միքաձեն, լքել է տարածքը։ Հավանաբար, նրա թիկնապահները, մնացել են տեղում են մնացել. թողել են նաև երկու մեքենա։

«Մթավարի արխի» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը բռունցքներով և ատրճանակով ահաբեկում ցույցի մասնակիցներին։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է 48 մարդ։ ՆԳՆ-ննրանց մեղադրում է վարչական իրավախախտումների, ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։

Ըստ տարբեր աղբյուրների՝ եվրոպամետ ցույցերի ընթացքում (նոյեմբերի 28-դեկտեմբերի 7) բերման ենթարկվածների թիվը հասնում է 400-ի: