OC Media-ի հիմնադիր Մարիամ Նիկուրաձեն ոստիկանության հետախուզման ցանկում է

Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվականի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեն ընդգկվել է վրացական իշխանությունների ստեղծած «ձերբակալման ենթակա անձանց» ցուցակում, գրում է OC Media-ն: Նիկուրաձեն հայտնի է միջազգային գործընկերների շրջանում, ցույցերի մասին անգլերենով առաջնային աղբյուր է նրանց համար:

Նշվում է՝ OC Media-ի աղբյուրն է տրամադրել 48 անուն և ID համարները պարունակող ցուցակի մասին տեղեկատվությունը: Աղբյուրը մանրամասնել է՝ մինչ կհասցնեին հաստատել ցուցակում գտնվող անձնաց իսկությունը, ցուցակի որոշ անդամներ, այդ թվում՝ դերասան Անդրո Ճիճինաձեն, քրեական մեղադրանքով արդեն բերման էր ենթարկվել:

Բերման ենթարկելու մասին տեղեկությունն իր անձնական ֆեյսբուքյան էջում տարածել է նաև Նիկուրաձեն. «Ընկերներ, լուրեր են տարածվում, որ կալանավորման հրաման կա, իմանաք: Սստուգված տեղեկություն չէ, հարյուր տոկոսով չգիտեմ, բայց նախազգուշական միջոցներով տեղյակ եղեք»:

Վրաստանի ԵՄ-ի շրջադարձի դեմ Թբիլիսիում նոյեմբերի 28-ից սկսված բողոքի ցույցերի սկզբից ի վեր Նիկուրաձեն ամեն օր տեղից լուսաբանում է զարգացումները: Բողոքի ցույցերի ընթացքում նա, ինչպես և մամուլի շատ ներկայացուցիչներ, հայտնվել են վրացական ոստիկանության թիրախում։

Ցույցերի առաջին գիշերը Նիկուրաձեն հայտնվել է ջրցան մեքենայի թիրախում. Վնասվել է ոտքը, ոչնչացրել են տեսախցիկը։ Միջադեպը, ըստ երևույթին, կանխամտածված է եղել, քանի որ ոստիկանները ջրի հոսքն ուղղել են ցուցարարներից հեռու՝ դեպի Նիկուրաձեն և տեսանկարահանող այլ լրագրողներ:

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ոստիկանները փորձել են բերման ենթարկել Նիկուրաձեին, երբ նա տեսանկարահանել է, թե ինչպես բերման ենթարկելիս բռնություն կիրառում: Այդ օրը  ոստիկաններից մեկը հրել է Նիկուրաձեին՝ վնասելով երկրորդ տեսախցիկը:

Վերջին բողոքի ցույցերի նրա լուսաբանումը ներառում է ոստիկանության կողմից համատարած բռնությունների փաստագրում: Նրա զեկույցները լայնորեն տարածվել են միջազգային մակարդակով. այն ամենի մասին, ինչին Նիկուրաձեն ականատես է եղել Թբիլիսիում, հաճախ է խոսել միջազգային լրատվամիջոցների հետ, ներառյալ BBC-ն և CNN-ը: