Թբիլիսիի Թատերական համալսարանի դիմաց հանրահավաք է անցկացվել: Հավաքված դերասաններին ու քաղաքացիներին դիմավորել է համալսարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին։
Հանրահավաքի մասնակիցները մոտ մեկ ժամ պահանջել են հանդիպել Շալուտաշվիլիին, լսել նրա դիրքորոշումը դերասան Անդրո Ճիճինաձեի ձերբակալության վերաբերյալ:
Ելույթ ունենալով Թատերական համալսարանի դիմաց՝ Շալուտաշվիլին ասել է, որ կփորձի պարզել մանրամասները։
Հանրահավաքի մասնակիցներից մեկը ռեկտորին փորձել է բացատրել, թե ինչ մեղադրանք է առաջադրված Ճիճինաձեին, և եթե վերջինս մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում. «Անդրո Ճիճինաձեն մասնակցել է հանրահավաքներին, որտեղ մենք բողոքում ենք երկրի բռնազավթման դեմ։ Այս գործողությունների ընթացքում արյուն է թափվել։ Հիմա Անդրոյին մեղադրում են նույն բանում, ինչ անում են հատուկջոկատայինները մեզ հետ ու ասում են, որ Անդրոն պատրաստվում էր հարձակվել հատուկջոկատայինների վրա, ինչը հերյուրանք է»:
Հանրահավաքի մասնակիցները թատերական համալսարանի ռեկտորին հարցրել են՝ «կիսու՞մ է Անդրո Ճիճինաձեի դիրքորոշումը, համերաշխ է արդյոք Ճիճինաձեի հետ», Շալուտաշվիլին հանրահավաքի մասնակցին պատասխանել է. «Ես համերաշխ եմ բոլոր բանտարկյալների հետ՝ որպես քրիստոնյա։ Կառավարության փոխարեն ինձնից եք պատասխան պահանջում։ Ես բարոյական դիրքորոշում ունեմ: Ես կանեմ այն ամենը, ինչ ինձնից կախված է»:
Շալուտաշվիլիի հետ հանդիպումից հետո Թատերական համալսարանի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցները նախ շարժվել են դեպի Օպերայի և բալետի թատրոն, ապա՝ Մարջանիշվիլիի անվան թատրոն։ Նրանք այս պահին գտնվում են Մարջանիշվիլիի թատրոնի դահլիճում։
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, 28-ամյա դերասան Ճիճինաձեն ձերբակալվել է խմբակային «բռնություն կազմակերպելու, ղեկավարելու, մասնակցելու և բռնի գործողությունների հրապարակային կոչ անելու մեղադրանքով»։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև 9 տարվա ազատազրկմամբ։ Այս գործով ձերբակալվածների թիվը դեկտեմբերի 6-ին հասել է 26-ի։