Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո իր արած հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված՝ հայկական կարուսել է կիրառվել:
Նախագահը բացատրել է՝ իր ասած հայտարարության մեջ ոչ մի էթնիկ հարց չի եղել:
«Ուզում եմ ասել հայերին, հայկական ծագում ունեցող (մեր քաղաքացիներին — հեղ.) և մեր հարևան հայերին, որտեղ ևս ռուսական քարոզչամեքենա է ակտիվ աշխատում, իմ ասած «հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա: Դրա մասին մի ամբողջ թեմա էր շրջում… Սա այն տերմինն է, որը ես լսել էի, երբ առաջին անգամ եկա Վրաստան, դա Շևարդնաձեի ժամանակաշրջանն էր։ Նաև Սաակաշվիլիի օրոք է կիրառվել: Եթե չեմ սխալվում՝ Հայաստանում կեղծման այս ձևին «վրացական կարուսել» են կոչում: Այսպիսով, էթնիկ հարց սրա մեջ չկա», — ասել է նախագահը:
Նշենք, որ Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ կան, այդ թվում, այսպես կոչված՝ հայկական կարուսել: Վրաստանի նախագահին այս հայտարարության համար մեղադրում էին հայատյացության համար: