«Վրացական երազանք»-ը փոխել է երկրի ընթացքը. նախագահ

Մեկ կուսակցության կառավարությունն ու վարչապետը վերցրին երկիրն իրենց ձեռքը և որոշեցին փոխել նրա ընթացքը, դադարեցնել Վրաստանի երթը (դեպի ԵՄ — հեղ.), Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախագահի խոսքով, սահմանադրության մեջ հստակ գրված է, որ երկրի բոլոր կառույցները պարտավոր են բոլոր միջոցները կիրառել եվրատլանտյան այս կուրսն արագացնելու համար, և ոչ ոք դա փոխելու մանդատ չունի։

«Հատկանշական է, որ այս որոշումը, որը, մեղմ ասած, վատ ընդունեցին գործընկերները, նախ` գնահատեց Պուտինը, ապա` Մեդվեդևը, Պեսկովն ու Դուգինը։ Ողջ Ռուսաստանի ղեկավարությունը շնորհավորել է վարչապետին նման որոշման կապակցությամբ, որը մեզ համար հեղափոխություն է։ Մենք այս ուղղությամբ գնում ենք արդեն 30 տարի և ոչ միայն։ Վրացական հասարակությունն ու վերնախավը 2 և ավելի դար շարունակ պայքարում են տարբեր ձևերով` Վրաստանը ռուսական ազդեցությունից և վերահսկողությունից հանելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահը նաև ասել է՝ այսօրվա «Վրացական երազանք»-ն ավելի վատն է դարձել, քան երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակաշրջանն էր: Նախագահը կարծում է, որ «Վրացական երազանք»-ը մեկ նպատակ ունի՝ Սաակաշվիլին մնա իրենց մշտական հակառակորդը:

«Ռուսաստանը միակուսակցական համակարգին ավելացրեց ավտորիտարիզմ, ընտրությունների կեղծում, մարդկանց իրավունքների ոտնահարում և բիզնեսի ստրկացում, որոնք այսօր տեղի են ունենում։ Ուստի դա անընդունելի է այս երկրի ճնշող մեծամասնության համար»,-  ասել է նախագահը։