Չորս եվրոպացի պատգամավորներ հայտարարություն են տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Նիլս Ուշակովսը, Սերգեյ Լագոդինսկին և Ռասա Յուկնևիչենեն դատապարտել են Վրաստանի իշխանությունների կողմից դեմոկրատական ընդդիմության նկատմամբ ճնշումները և խաղաղ ցուցարարների նկատմամբ անհարկի ուժի կիրառումը:
Հայտարարության մեջ ասված է, որ հակառակորդներին ձերբակալելը և գրասենյակների խուզարկությունն ավտորիտար ռեժիմների գործիքակազմի մաս են կազմում և տեղ չունեն Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրում:
«Ժողովրդի ճնշող մեծամասնության կամքին հակառակ ժողովրդավարության շարունակական անկման և եվրոպական ճանապարհից երկրի կտրուկ շեղման պատասխանատուն «Վրացական երազանք»-ն է: Համազգային բողոքի ցույցերը Վրաստանի ապագայի վերաբերյալ համատարած մտահոգության օրինական արտահայտություն են ներկայիս ղեկավարության օրոք», — ասված է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի բոլոր քաղաքական առաջնորդների դեմ, «որոնք պատասխանատու են փողոցներում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ համատարած ընտրախախտումների և հետագա բռնաճնշումների համար»։
«Ավելին, մենք կրկնում ենք մեր պահանջը՝ նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի դեմ, որն էլ ի վերջո քաղաքական պատասխանատվություն է կրում բռնաճնշումների ալիքի և եվրաինտեգրման գործընթացի դադարեցման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Վրաստանին կեղծված ընտրությունների փոխարեն նոր ընտրություններ են անհրաժեշտ», որոնք կանցկացվեն բարելավված ընտրական միջավայրում՝ անկախ և անաչառ ընտրական վարչակազմի կողմից միջազգային դիտարկման ներքո, «որը կապահովի իսկապես արդար և թափանցիկ գործընթաց»։
Դեկտեմբերի 4-ին ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայացուցիչները ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչների, խուզարկել քաղաքական կուսակցությունների գրասենյակները և ակտիվիստական խմբերի ներկայացուցիչների բնակարանները։