Պայքարը պետք է շարունակվի. ընդդիմություն

Ռուսթավելիի պողոտայում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցին զուգահեռ Ազատության հրապարակում Courtyard by Marriott Tbilisi հյուրանոցում հանդիպել են ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցության առաջնորդները: Ընդդիմության հիմնական ուղերձն է՝ պայքարը պետք է շարունակել, անկախ նրանից՝ կձերբակալվեն, թե՝ ոչ։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ չեն վախենում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից գրասենյակներ ներխուժելուց և ձերբակալություններից, պատրաստ են իրավական աջակցություն ցուցաբերել բոլոր բերման ենթարկվածներին:

«Բոլորիս ձերբակալելու դեպքում նույնիսկ պայքարը պետք է շարունակվի», — ասել է Ջափարիձեն:

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Գիորգի Վաշաձեի խոսքով՝ բողոքի ցույցերը պետք է շարունակվեն՝ ողջ Վրաստանում ազդարարելով համընդհանուր անհնազանդություն։ Վաշաձեն հավելել է՝ ամեն ինչի պատրաստ են:

ՆԳՆ-ն դեկտեմբերի 4-ին խուզարկություններ է իրականացրել վրաստանյան մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների գրասենյակներում ու բնակարաններում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջին ժամերին զարգացած իրադարձություններն անվանել է «ռեպրեսիա»։ Քաղհասարակության գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ն այլևս ի վիճակի չէ փողոցային բողոքի ցույցերի հետ առնչվել, այժմ էլ խուճապ ու վախ է սերմանում, այդ իսկ պատճառով էլ ռեպրեսիաներ է սկսել:

Ալեկո Էլիսաշվիլին և Դավիթ Դաթունաշվիլին բերման են ենթարկվել