Մոտ քսան գրող, հրատարակիչ և թարգմանիչ այցելել են Վրաստանի Գրողների տուն՝ զրուցելու նրա տնօրեն Քեթի Դումբաձեի հետ։ Նրանց կարծիքով` Գրողների տունը պարտավոր է դիրքորոշում հայտնել, մերժել «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը և դատապարտել բռնությունը, որը կիրառվում է գրողների և մյուսների նկատմամբ։ Գրողները պահանջում են համերաշխություն հայտնել խորհրդարանի դիմաց ցույցերի ժամանակ ծեծի ենթարկված մարդկանց ու դատապարտել բռնությունը։
Գրողների տան տնօրենի հետ զրույցի փորձը չի հաջողվել: Դումբաձեն հրաժարվել է հանդիպել նրանց հետ` արյան բարձր ճնշում ունենալու պատճառաբանությամբ։
Ավելի ուշ Գրողների տուն այցելած այլ գրողների Դումբաձեի փոխարեն դիմավորել է նրա որդին՝ Նոդար Մաճարաշվիլին։ Գրողները Դումբաձեից կրկին պահանջել են աջակցություն հայտնել բողոքի ակցիայի մասնակից գրողներին։ Ի պատասխան Մաճարաշվիլին գրող Նեստան Նենե Կվինիկաձեին ագրեսիվ պատասխաններ է տվել՝ հիշեցնելով հանցավոր անցյալը: Ավելի ուշ Մաճարաշվիլին վիճել է գրող Տորեսա Մոսիի հետ, հարվածել և հայհոյել վերջինիս:
Վերջին օրերին խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման են ենթարկվել բանաստեղծներ Զվիադ Ռատիանին և Թոռնիկե Ճելիձեն, թարգմանիչ Դավիթ Խարաիշվիլին։ Երեքն էլ պնդում են, որ դաժան ծեծի են ենթարկվել։
Կան կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են Ռատիանիին տասնյակ հատուկջոկատայիններ ծեծի ենթարկում: Ռատիանիին հիվանդանոցից տարել են Թբիլիսիի քաղաքային դատարան։ Նա մարմնական վնասվածքներ և կոտրվածքներ ունի, նաև դեմքի շրջանում։ Դատավորը Ռատիանիին դատապարտել է ութօրյա վարչական կալանքի։
Կալանքի տակ է նաև Ճելիձեն. նա դատական նիստում հայտարարել է՝ բերման ենթարկելիս հանել են մեքենայից ու ծեծի ենթարկել։
Խարաիշվիլին արդեն ազատության մեջ է՝ բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներով և ուղեղի ցնցումով։