«Մի՛ մեղադրեք ուրիշներին». ԱՄՆ դեսպանատունը՝ «Վրացական երազանք»-ին

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հերթական գրառումն է հրապարակել, որը վերաբերում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության որոշումներին ու դրանց հետևանքներին։

Դեսպանատունը նշել է, որ «Վրացական երազանք»-ն է կասեցրել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը և կորցրել իր ռազմավարական գործընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:

«Մի՛ մեղադրեք ուրիշներին», — գրել է դեսպանատունը:

Նոյեմբերի 30-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրեց իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։