Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած Նանա Տոմարաձեին տեղափոխել են Զահեսիի քննչական մեկուսարան:
Դեկտեմբերի 3-ի գիշերը փաստաբան Լաշա Տկղեշելաձեն այցելել է բերման ենթարկված Տոմարաձեին: Հատուկջոկատայինները նրան բերման են ենթարկել այն բանից հետո, երբ վերջինս ոտքով հարվածել է հատուկջոկատայինների վահանին։ Այդ կադրերը շուտով տարածվել են ԶԼՄ-ներում:
«Նա ասում է, որ իր 11-ամյա որդին տանը սպասում է և պահանջում է, որ իր դատական նիստը հնարավորինս շուտ անցկացվի», — տեսակցությունից հետո ասել է Տկղեշելաձեն։
Տոմարաձեն բերման է ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ հանրահավաքի ցրման ժամանակ բերման է ենթարկվել 36 ցուցարար։ Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը՝ 260 ցուցարար: Նրանցից մի քանիսն արդեն վարչական տուգանքի կամ վարչական ազատազրկման են ենթարկվել։