Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցը րոպեներ առաջ սկսվել է: Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները խորհրդարանի շենքի բակից ջրի շիթեր են կիրառել ցուցարարների դեմ՝ թույլ չտալով նրանց մոտենալ շենքին։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Ցույցի մասնակիցների հիմնական մասը կանգնած է Ռուսթավելի պողոտայում, համեմատաբար փոքր մասը բողոքում է շենքի մոտ՝ ջրի շիթերին մոտ։ Ցուցարարները մի քանի անգամ պիրոտեխնիկա են կիրառել հատուկջոկատայինների դեմ:
Խորհրդարանի հարևանությամբ գտնվող Չիտաձեի փողոցում ամբողջությամբ պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցներ են:
Հինգերորդ օրն է՝ քաղաքացիները բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ:
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։