Վրաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ ի նշան բողոքի՝ դասադուլ են հայտարարել. հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին:
Դպրոցների թվում են Թբիլիսիի թիվ 52 հանրակրթական դպրոցը, Թբիլիսիի թիվ 199 (Կոմարով) դպրոցը, Իլիա Մարթլիի անվան դպրոցը, Քութայիսիի ֆիզիկամաթեմատիկական թիվ 41, Զուգդիդիի թիվ 4 հանրային դպրոցը, Քոբուլեթիի թիվ 138-րդ դպրոցը, Բաթումիի 8-րդ հանրակրթական դպրոցը և այլն:
Թբիլիսիի Կոմարովի դպրոցի աշակերտները փակել են դպրոցի ճանապարհը՝ ի պաշտպանություն երկրում շարունակվող եվրոպամետ բողոքի ակցիայի։ Հիշյալ դպրոցի ուսուցիչները նախորդ օրերին ասում էին, որ այս փուլում իրենց աշակերտների լավ ապագայի համար ավելի կարևոր է երկրի պաշտպանությունը, քան դասեր անցկացնելը։
Դպրոցի աշակերտների և շրջանավարտների հայտարարության մեջ գրված է՝ դեմ են Վրաստանի եվրաինտեգրման կասեցմանը, դպրոցի ղեկավարությանը և ուսուցիչներին կոչ են անում՝ կանգնել իրենց կողքին։