ԵՄ բարձր ներկայացուցչի և եվրահանձնակատարի հայտարարությունը 

Եվրամիությունը կանգնած է Վրաստանի ժողովրդի և նրա ընտրության կողքին՝ ունենալ եվրոպական ապագա: Եվրամիության մուտքի դուռը բաց է մնում, իսկ Վրաստանի վերադարձը եվրոպական արժեքներին և Եվրամիությանն անդամակցելու ուղին Վրաստանի ղեկավարության ձեռքերում է: Այս համատեղ հայտարարությունն արել են Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին։

Եվրամիությունն ափսոսանք է հայտնում մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից և Եվրամիության ֆինանսական օգնությունից հրաժարվելու «Վրացական երազանք»-ի որոշման կապակցությամբ։

«Այս հայտարարությունը ցույց է տալիս շեղում Վրաստանի բոլոր նախորդ կառավարությունների քաղաքականությունից և վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության եվրոպական ոգուց, ինչն արտացոլված է Վրաստանի Սահմանադրության մեջ»,- նշված է հայտարարության մեջ:

Կայա Կալասը և Մարտա Կոսին արձագանքել են Վրաստանի քաղաքացիների բողոքին և խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնի վերաբերմունքին` նշելով, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում է բռնությունը բողոքի խաղաղ մասնակիցների նկատմամբ, որոնք ամուր կանգնած են իրենց եվրոպական և ժողովրդավարական ապագայի համար.

«Վրաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն հավաքների և արտահայտվելու ազատությունները և չպետք է ուժ գործադրեն բողոքի ակցիաների խաղաղ մասնակիցների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Բռնության բոլոր գործողությունները պետք է հետաքննվեն, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Նոյեմբերի 28-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։ 

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։