«Առաջին ալիք»-ից նախագահի և ընդդիմության համար եթեր են պահանջում

Լուսանկարը՝ www.radiotavisupleba.ge-ի

Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերություն) շենքի մոտ երկրորդ օրն է՝ բողոքի ցույց է ընթանում: Այս անգամ ցուցարարները պահանջում են, որ հեռուստաալիքը եթեր տրամադրի չորս ընդդիմադիր կոալիցիաների/կուսակցությունների առաջնորդներին և Վրաստանի նախագահին:

Անփոփոխ պահանջների թվում են «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեի հրաժարականները:

Նշենք, որ «Առաջին ալիք»-ի շենքի մոտ երեկ՝ նոյեմբերի 30-ին ևս բողոքի ցույց էր: Քաղաքացիները պահանջում էին ազատ եթեր: Ցույցի մեկնարկից անմիջապես հետո ցուցարարներին էին մոտեցել Բերձենիշվիլին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաղլափերիձեն։

Ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, և հանրահավաքի մասնակիցներին եթեր տրամադրվեց. ցույցի մասնակիցներն ուղիղ եթերում խոսեցին երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։