Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերություն) շենքի մոտ տարբեր քաղաքացիական շարժումների և քաղաքացիների բողոքի ցույցի արդյունքում ցուցարարները կարողացան երեկ` նոյեմբերի 30-ի ուղիղ եթերում արտահայտել իրենց բողոքը: Նրանց հիմնական պահանջն էր՝ օբյեկտիվորեն լուսաբանել Վրաստանում ընթացող գործընթացները, այդ թվում՝ բողոքի ցույցերը հանրային հեռարձակողի ուղիղ եթերում։
Քաղհասարակությունը պնդում է, որ միայն երեկվա եթերը բավարար չէր։
Ակցիայի կազմակերպիչների հիմնական պահանջներն են.
1. Վասիլ Մագլափերիձեն և Թինաթին Բերձենիշվիլին հրաժարական պետք է տան,
2. Ամեն օր եթերը պետք է նվիրվի հանրությանը,
3. Մարզերում հեռարձակումը չպետք է սահմանափակվի:
Այս պահանջներով այսօր՝ դեկտեմբերի 1-ին ևս, ժամը 18:00-ից Հանրային հեռարձակողի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում։
Ինչ տեղի ունեցավ երեկ
Նոյեմբերի 30-ին Վրաստանի առաջին ալիքի մոտ ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները վանկարկում էին՝ «հանրային ստախոս», «մերկացրե՛ք ռեժիմը»:
Հանրահավաքի մասնակիցներն «Առաջին ալիք»-ին կոչ էին անում առանց «զարդարանքների» ներկայացնել հանրահավաքում տեղի ունեցած բռնության փաստերը։ Պահանջում են «Առաջին ալիք»-ի ղեկավարության հրաժարականը։
Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ «Առաջին ալիք»-ը, որը հարկատուների փողերով է ֆինանսավորվում, իշխանության քարոզչական մեխանիզմներից մեկն է:
Ըստ հանրահավաքի մասնակիցների՝ «Առաջին ալիք»-ը վերջին օրերին թերի է լուսաբանում երկրում տեղի ունեցող գործընթացները։
Ուղիղ եթեր ցուցարարների ներկայությամբ
Բողոքի ակցիայի արդյունքում հանրային հեռարձակողը նոյեմբերի 30-ին, ժամը 20:00-ին ուղիղ եթեր տրամադրեց քաղաքացիներին։
«Առաջին ալիք»-ով հատուկ ուղիղ հեռարձակումը սկսվել է 20:30-ի սահմաններում։ Հանրային հեռարձակողը եթերը նվիրել է ակցիայի մասնակիցներին, իսկ վարողը գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին էր։
Հանրայինի ուղիղ եթերում հայտարարություններով հանդես եկան «Առաջին ալիք»-ի լրագրողները և նշեցին, որ իրենց հասցեին անհիմն վիրավորական հայտարարություններ են եղել։ Եթերին զուգահեռ, համատեղ ցուցադրվում էր բազմամարդ բողոքի ակցիան Ռուսթավելիի պողոտայում:
«Այն, ինչ մենք այսօր տեսանք, կատարյալ չարամտություն էր»,- ասել է «Առաջին ալիք»-ի լրագրող Մակա Ցինցաձեն՝ անդրադառնալով հանրային հեռարձակողի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Երբ դուք ժամանեցիք, վիրավորական արտահայտություններ հնչեցին «Առաջին ալիք»-ի ողջ անձնակազմի հասցեին»,- ուղիղ եթերում ասել է Մակա Ցինցաձեն։ Լրագրողի խոսքով, հանրային հեռարձակողի շենքի մոտ հանրահավաքի որոշ մասնակիցներ նպատակ են ունեցել ազդելու իրենց լրատվական քաղաքականության վրա։
Տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիին նշել է՝ «հանրային հեռարձակողը միակ լրատվամիջոցն է, որը հավատարիմ է բոլոր չափանիշներին»:
«Այսօր շատ զգացմունքային օր է մեզանից յուրաքանչյուրի համար»,- ասել է «Առաջին ալիք»-ի լրագրող Թամթա Սանիկիձեն։
Ըստ Թամթա Սանիկիձեի՝ անհիմն են այն քննադատությունները, թե «Առաջին ալիք»-ը կողմնակալ է հօգուտ «Վրացական երազանք»-ի։ Նրա խոսքով, Հանրային եթերում «նույնքան սուր հարցեր են ուղղվում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին»։
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։