Խորհրդարանի մոտ հատուկջոկատայինների մոբիլիզացիա է

Վրաստանի օրենսդիր մարմնի մոտ քաղաքացիների եվրոպամետ բողոքի ակցիան շարունակվում է. ցուցարարները շարունակում են բողոքել Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ հրաժարվում են Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկից։

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքին հարող փողոցներում ոստիկանական ուժերի հատուկ մոբիլիզացիա է, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարբեր ստորաբաժանումների հետ միասին տեղում մոբիլիզացված են հատուկջոկատայիններ, հատուկ տեխնիկա:

Նշենք, որ երրորդ օրն է՝ քաղաքացիները բողոքի մեծամասշտաբ ցուցեր են անում, որը հատուկջոկատայինները բռնի ուժով ցրում են:

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։