«Հանրային ստախոս». հանրահավաք «Առաջին ալիք»-ի մոտ

Լուսանկարը՝ tvpirveli.ge-ի

Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերություն) շենքի մոտ տարբեր քաղաքացիական շարժումների և քաղաքացիների բողոքի ցույց է տեղի է ունենում: Նրանք վանկարկում են՝ «հանրային ստախոս», «մերկացրե՛ք ռեժիմը»:

Հանրահավաքի մասնակիցներն «Առաջին ալիք»-ին կոչ են անում հանրային հեռարձակողին առանց «զարդարանքների» ներկայացնել հանրահավաքում տեղի ունեցած բռնության փաստերը։ Պահանջում են «Առաջին ալիք»-ի ղեկավարության հրաժարականը։

Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ «Առաջին ալիք»-ը, որը հարկատուների փողերով է ֆինանսավորվում, իշխանության քարոզչական մեխանիզմներից մեկն է:

Ըստ հանրահավաքի մասնակիցների՝ «Առաջին ալիք»-ը վերջին օրերին թերի է լուսաբանում երկրում տեղի ունեցող գործընթացները։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

Թբիլիսյան զարգացումներ. նոյեմբերի 29-30