Լրագրողների համերաշխության հանրահավաք Թբիլիսիում

Թբիլիսիում համերաշխության հանրահավաք է ընթանում՝ հաջակցություն նոյեմբերի 28-29-ի ցույցերի ժամանակ բռնության ենթարկված լրագրողների։

Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում, երթով կշարժվեն դեպի խորհրդարանի շենք։

«Պայքարելու ենք հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշում են հանրահավաքի մասնակիցները:

Հանրահավաքին ներկա լրագրողներն ընդգծում են, որ ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունները եղել են թիրախային և հատուկ դաժանությամբ։ Ըստ նրանց՝ լրագրողների դեմ հիմնական ագրեսորը հատուկջոկատայիններն էին։ Լրագրողների համերաշխության հանրահավաքին հավաքվածներն ավելի ուշ կմիանան խորհրդարանի մոտ նախատեսված հանրահավաքին։

Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին-29-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում դիմակավորված հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները թիրախավորել են ավելի քան 40 լրագրողների և օպերատորների։ Այդ թվում մի քանիսը վիրահատության են ենթարկվել:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։