ԱՄՆ դեսպանը «Վրացական երազանք»-ին կոչ է անում վերանայել գործողությունները

Վաշինգտոնը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խստորեն կոչ է անում վերանայել իր գործողությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հրապարակել է դեսպան Ռոբին Դաննիգանի հայտարարությունը, որով դիվանագետը մտահոգություն է հայտնում Վրաստանի կառավարության որոշման կապակցությամբ՝ դադարեցնելու Վրաստանի եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը:

ԱՄՆ դեսպանը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը։

«Ցավոք, վարչապետի հայտարարությունը, թե «Վրացական երազանքը» չի նախատեսում առաջիկա չորս տարում սկսել ԵՄ անդամակցության բանակցություններ, ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում այս կառավարության հավատարմությունը արևմտյան կուրսին: Հարկ է նշել, որ կառավարության այս հայտարարությունը անմիջապես գովասանքի է արժանացել Կրեմլի կողմից», — ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Դեսպանը նշել է, որ անցած գիշեր բոլորը ականատես եղան, թե ինչպես են ոստիկանները դաժանաբար բռնության ենթարկում ցուցարարներին և լրագրողներին:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան  հայտնեց եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: